Օրեր առաջ սահմանին զոհված զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ինչ է ասում դատախազությունը

 20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահից 6 օր անց Գլխավոր դատախազությունն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացնում է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործը։

 

Ըստ դատախազության, գործը հարուցվել է դեռ հունիսի 19-ին՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանություն) 2-րդ մասի 2-րդ (կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 7-րդ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) կետերի հատկանիշներով:

 

«Նշանակված է փորձաքննություն, իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», - լրատվականին փոխանցել են դատախազությունից:

 

20-ամյա Հրաչը Ճամբարակի զորամասում էր ծառայում, մարտական հերթափոխի է եղել Վերին Շորժայի սահմանին։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը դեպքից ժամեր անց հայտարարեց՝ զինծառայողը հակառակորդի կրակոցից է զոհվել։ Պաշտպանության նախարարությունը միայն հաստատեց լուրը, որ զինվոր է զոհվել, թե ինչի՞ց, ինչպե՞ս՝ ի՞նչ հանգամանքներում, որևէ տեղեկություն նախարարությունը մինչ այս պահը չի հաղորդել։

 

Ավելի վաղ Վարդենիսի համայնքապետի մամլո քարտուղար Էդգար Պետրոսյանն «Ազատությանն» ասել էր, որ սահմանի այդ հատվածում փոխհրաձգություն է եղել Հայաստանի ու Ադրբեջանի զինվորների միջև, գիտեն այն, որ զինծառայողը փոխհրաձգության հետևանքնով է զոհվել։

 

Հիշեցնենք, որ Аuroranews.am-ին հաջողվել էր կապ հաստատել ՊՆ-ի հետ, որտեղից հաստատել էին զինծառայողի զոհվելու մասին լուրը: Սակայն այլ մանրամասները, ոչ այդ ընթացքում, ոչ էլ այս օրերի ընթացքում այդպես էլ չտարածվեց:

 

 

Քաղաքականություն