
«Սա սև օր է մամուլի ազատության համար». Մեծ Բրիտանիան Ասանժին կարտահանձնի ԱՄՆ-ին

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը հավանություն է տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնմանը, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում, այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով WikiLeaks-ի հայտարարությունը։
«Սա սև օր է մամուլի ազատության և բրիտանական ժողովրդավարության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ասանժը Միացյալ Նահանգներում մեղադրվում է լրտեսության մեջ:
Հիշեցնենք, որ Ասանժը, որին 2010 թվականին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեղադրանք էր ներկայացվել, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ձերբակալեցին ԱՄՆ-ի պահանջով։
Ասանժը մեղադրանքները հերքում է և դրանք համարում քաղաքականապես մոտիվացված։