
Փաշինյանի այցից հետո իջեցվե՞լ է Երասխի դրոշը. համայնքապետը` տարածվող լուրի մասին

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր Նիկոլ Փաշինյանի այցից հետո իջեցվել է Երասխ համայնքում տեղադրված ամենաբարձր ՀՀ պետական դրոշը։
«Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո Երասխը գրեթե պատրաստ է թշնամուն հանձնելուն...»,- գրել է նախկին պաշտոնյան:
Auroranews.am-ը գնաց հայտարարության հետքերով: Կապ հաստատեցինք Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի հետ: Նա ասաց, որ այո, անձամբ է իջեցրել քամուց պատառոտված դրոշը` նորով փոխարինելու համար:
«Մեզ արդյո՞ք հարիր է պատառոտված դրոշը: Հունիսի 13-ին անձամբ եմ իջեցրել և այս պահին էլ նորն ենք ամրացնում: Պատառոտված դրոշը մեզ հարիր չէ: Չեմ հասկանում, թե ինչի են ուզում հասնել նման անհիմն շահարկումներով»,- ասաց համայնքապետը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այցից հետո դրոշի հեռացման վերաբերյալ պնդմանը, նա նշեց, որ վարչապետը Երասխ համայնք չի այցելել: Մենք էլ հավելենք, որ Փաշինյանը Արարատի մարզ գնացել էր հունիսի 11-ին:
Ստացվոմ է, որ Ղազարյանի պնդումները իրականությանը չեն համապատասխանում:
Հիշեցնենք, որ դրոշը, որի մասին խոսում ենք, Երասխ համայնքում բարձրացվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ ամյակի կապակցությամբ: Այն հանրապետության ամենամեծ ու ամենաբարձր դրոշն է: