
Երթից առաջ Սաղաթելյանը հայտարարություն արեց

«Այսօրվանից սկսում ենք այցելել տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ և ուղիղ պահանջով. բոլորը պարտավոր են հայտնել իրենց դիրքորոշումը՝ այս հրապարակում ընդունված հայտարարության վերաբերյալ»,- երթից առաջ հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Ավելի վաղ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր հայտարարության տեքստը.
«Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի ժողովրդի համար կենսական այս հարցերում
․Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:
․ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
․Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
․Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
․Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
․Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: