
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ դաշինք ստեղծելու՝ Ջոնսոնի առաջարկի մասին լուրերը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Corriere Della Sera թերթի հրապարակումն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, իբր, կոչ է արել Կիևի հետ ռազմական դաշինք ստեղծել Մոսկվայի դեմ, կոչ է արել ԶԼՄ-ներում բոլոր հաղորդագրությունները որպես սկզբնաղբյուր չընկալել: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Գիտեք, ամենայն հարգանքով Corriere Della Sera-ի հանդեպ, եկեք ամեն դեպքում վերաբերվենք սրան ինչպես ԶԼՄ-ում հաղորդագրություն։ Դրանք պետք է կասկածի տակ առնել: Երկրորդը՝ մենք չգիտենք, թե արդյոք Բորիս Ջոնսոնի մոտ նման նախաձեռնություններ են եղել։ Այդ դեպքում, հավանաբար, դա կնշանակեր, որ նա առաջարկում է ներքին կազմակերպություն ստեղծել, որ խաթարի ԵՄ-ի դիրքերը, այսինքն՝ այնպիսի համաեվրոպական միավորման դիրքերը, որն ինքը՝ Մեծ Բրիտանիան, լքել է», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ նախագահի վարչակազմում չգիտեն, թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, ու կհետևեն իրավիճակի զարգացմանը:
Երեկ իտալական Corriere Della Sera պարբերականում, հղում անելով աղբյուրին, հաղորդվում էր, որ Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դաշինք, եվրոպական համագործակցություն ստեղծել Ռուսաստանի դեմ: Նշվում է, որ միավորմանը կարող էին անդամակցել նաև Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան ու Լիտվան, իսկ ավելի ուշ՝ Թուրքիան: