Արևմուտքը վիճաբանություն է հրահրում նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդների միջև․ Լավրով

Արևմտյան երկրները չեն հրաժարվում նախկինում ԽՍՀՄ կազմում եղած ժողովուրդների միջև վիճաբանություն հրահրելու փորձերից․ նրանք դա անում են՝ խեղաթյուրելով պատմությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Արևմուտքը չի դադարում փորձել վիճաբանություն մտցնել նախկինում ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ժողովուրդների միջև՝ միտումնավոր խեղաթյուրելով ու յուրովի մեկնաբանելով պատմական փաստերը»,- ասել է նա։

 

Լավրովի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը որդեգրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու և Երրորդ ռեյխի հանցագործությունները կոծկելու քաղաքականություն։

 

«Օրերս Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել «Երկրորդ համաշխարհային պատերազմը և գերմանական օկուպացիան Եվրոպայում» այսպես կոչված՝ փաստավավերագրական կենտրոնի հայեցակարգին։ Այդ հայեցակարգը առաջին իսկ հայացքից լուրջ հարցեր է առաջացնում՝ կապված պատմական իրական փաստերին համապատասխանության հետ։ Կենտրոնի գործունեությամբ նախատեսվում է ոչ միայն ամեն կերպ նվազեցնել Սովետական միության և դրա կազմի մեջ եղած բոլոր ժողովուրդների ներդրումը գերմանական ֆաշիզմի դեմ պայքարում, այլև կոծկել Երրորդ ռեյխի հանցագործությունները՝ իրականացված Սովետական միության ժողովուրդների դեմ»,- ասել է Լավրովը։

Քաղաքականություն