Վարդենիսում պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի ավտոմեքենան

Երեկ՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում պայթյունի ձայն է լսվել։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։

 

Տեղում պարզվել է, որ ժամը 23։40-ի սահմաններում Լեռնագործների փողոցի 6-րդ շենքի բակում կայանված, 37-ամյա Արկադի Մարտիրոսյանին պատկանող Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան պայթեցման միջոցով վնասել են։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիշա Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ Սոթքի ոսկու հանքում։  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։  

 

Դեպքի վայրի զննությամբ էլ հայտնաբերվել է հրահաղորդիչ քուղ։  

Քաղաքականություն