Հետախուզում է հայտարարվել ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով:

 

Կայքի տեղեկություններով՝ Շ. Բագրատյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրատվամիջոցը ապրիլի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում էր կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ:  

 

Շ. Բագրատյանը Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունից ազատ էր արձակվել: Նա կասկածվում է Վայոց Ձորի մարզի բնակիչ, գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Կայքի տեղեկություններով՝ երբ քննիչի որոշմամբ Շ. Բագրատյանը ձերբակալվել էր, նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է: Դատարանն էլ որոշում էր կայացրել, որ ձերբակալությունը իրավաչափ է և մերժել էր փաստաբանի միջնորդությունը, բայց ժամեր անց նույն քննիչի որոշմամբ պատգամավորի որդին ազատ է արձակվում: