
«Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է. Ալիև

Տեսանելի ապագայում կվերականգնվեն Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) բոլոր ազատագրված տարածքները, և առաջին տարածքը, որտեղ կկարողանան վերադառնալ տեղահանվածները, կլինի Զանգիլանը (Կովսական)։ Հենց այնտեղ է իրականացվում Ագալի գյուղի վերականգնման պիլոտային ծրագիր, որով հետագայում հիմք կդրվի այլ բնակավայրերի վերածննդի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է info24.ru-ն։
Ալիևը նշել է նաև, որ Զանգիլանի (Կովսական) միջազգային օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարի։
«Վստահ եմ, որ այս օդանավակայանը շատ մեծ գործառույթներ է ունենալու։ Որովհետև մենք Զանգիլանը (Կովսական) տեսնում ենք որպես ապագայում միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն։ Դա կապահովեն տարածքի աշխարհագրական դիրքը, միջազգային շուկաներին մոտ լինելը և այլ գործոններ։ Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին» , ապա այս միջանցքն արդեն իրականություն է։ Ե՛վ երկաթգիծը, և՛ Զանգիլանի (Կովսական) շրջանի տարածքով անցնող մայրուղին ոչ միայն կկապեն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնան միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի, կլինեն միջազգային երթուղի։ Հետևաբար, և միևնույն ժամանակ, նախկին ներքին տեղահանվածների հարմարության համար, մենք արագորեն կառուցում ենք չորս և վեց գոտիներով ճանապարհ։ Այս ճանապարհի փուլային շահագործումը կսկսվի հաջորդ տարի»,- ասել է Ալիևը։