Հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով ձերբակալված մայորին կալանավորելու հիմքեր քննիչը չի տեսել

Ապրիլի 26֊ին Լեո֊Պարոնյան փողոցում հղի կնոջ՝ մահվան ելքով վրաերթի գործով ձերբակալված ՃՈ ծառայողը՝ Արամ Նավասարդյանը, որը դեպքի ժամանակ ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը, ազատ է արձակվել։ Պաշտպան Ռուբեն Բալոյանը «Փաստինֆ»֊ի հետ զրույցում հայտնել է, որ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Պաշտպանի փոխանցմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան։ Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: 

Նշենք, որ քրեական գործը ի սկզբանե հարուցվել էր նաև դեպքի վայրից հեռանալու հատկանիշներով, սակայն դրա համար Նավասարդյանին մեղադրանք չի առաջադրվել։ 

«Նա դեպքի վայրում է եղել, զննությանն է մասնակցել։ Ուղղակի քաղաքացիական հագուստով է եղել, որպեսզի իրավիճակը չսրվի։ Դեպքի վայրի զննությանը մասնակցել է, ստորագրել է արձանագրությունը։ Այս պայմաններում փախուստ հասկացություն չկա»,֊նշել է փաստաբանը։ 


Փաստաբանը հայտնել է, որ Նավասարդյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ցուցմունք՝ տվել է։ Հարցին՝ արդյո՞ք առերես հարցաքննություն եղել է ականատես վկաների հետ, Բալոյանը պատասխանեց՝ առերես հարցաքննության անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ գործով անցնող անձանց մեջ կան հակասություններ, դեռևս այդպիսիք չկան։ Ճշգրտող հարցին՝ չկան այս՞ պահին ականատես վկաներ, որոնք հայտնած լինեին, որ Նավասարդյանը դեպքի վայրը թողել, հեռացել էր՝ պաշտպանը ևս մեկ անգամ նշել է, որ բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ երևում է, որ մարդը մասնակցում է դեպքի վայրի զննությանը, գնալը և վերադառնալն օրենքով արգելված արարք չէ։ 

Պաշտպանը գտնում է, որ Նավասարդյանի գործողություններում մեղավորություն չկա, քանի որ նա գործել է ճանապարհային երթևեկության կանոնների սահմաններում, քանի որ փորձագետը նշել է, որ խաչմերուկ է մուտք գործել ոչ արգելող ազդանշանի տակ։ Մասնավորապես, խաչմերուկում կարգավորող է եղել, հետևաբար, չի գործում լուսացույցը, ճանապարհային նշանները, գծանշանները։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։ Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ Ավելի ուշ նաեւ ՔԿ-ն էր պաշտոնապես հաստատել, որ վրաերթից հետո նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը դեպքի վայր է վերադարձել ժամը 20:05-ին՝ այսինքն՝ դեպքից մոտ երկու ժամ հետո, երբ այդ մասին արդեն հայտնի էր դարձել մամուլին, ու մասնակցել կատարվող քննչական գործողություններին։ 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձերբակալվել է վաշտի հրամանատարը։