Ոստիկանությունը` Արցախի հերոսի մոր վրա 9-րդ դասարանի աշակերտուհու հարձակման մասին

 Ապրիլի 23-ի երեկոյան Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր վրա է հարձակվել 9-րդ դասարանի մի աղջիկ երեխա և դանակով սպառնացել նրան: 

 

Դավիթ Առուշանյան ընտանիքի մտերիմ Արամ Գեւորգյանը ֆեյսբուքյան եթերում մասնավորապես պատմել է.

 

«Ապրիլի 23-ի երեկոյան տիկին Լիդան տուն վերադառնալիս ինչ-որ լակոտ՝ 9-րդ դասարանի աղջիկ, դանակով սպառնացել է նրան:

Տուն վերադառնալիս արդեն իրենց թաղերում դիմացից 2 հոգի են գնում, և այդ տարածքում կա շենք, որտեղ բնակվում են Արցախից տեղահանված մարդիկ: Տիկին Լիդան 3 մետր հեռավորությամբ է գնում և լսում է, որ նրանցից մեկը հայհոյախառն արտահայտություններով ասում է, որ ղարաբաղցիները եկել, լցվել են, պետք է հանել, ռադ անել:

 

Տիկին Լիդան նկատողություն է անում, ասում է՝ չի կարելի, լավ օրից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո աղջիկը հանում է բավական մեծ դանակը, սպիտակ պոչով ու հարձակվում տիկին Լիդայի վրա, թե՝ ա՛յ պառավ, դու ո՞վ ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, վիզդ կկտրեմ, գլուխդ կկտրեմ, տնեցիքիդ տեղը կիմանամ, կտոր-կտոր կանեմ: Տիկին Լիդան ասում է՝ պայուսակով պաշտպանվում եմ, որ դեմքս չվնասի»,-պատմել է Արամ Գևորգյանը և հավելել, որ դեպքը եղել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում, և որ դանակով հարձակվող աղջկա ընկերուհին նրան քաշում, տանում է։

 

Ըստ Արամ Գևորգյանի՝ դեպքից հետո տիկին Լիդան զանգում է ոստիկանություն, ոստիկաններին տանում տեղը ցույց է տալիս, իսկ ավելի ուշ պարզում, որ աղջիկները թիվ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ են՝ Էլենը և Ջեմման:

 

Auroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ և տեղեկացավ, որ դեպքի մասին դեռ ապրիլի 23-ին Ոստիկանությունում հաղոդում ստացվել է: Ընթանում է նախաքննություն:

Քաղաքականություն