Խաչփարի համայնքապետն աշխատասենյակում ծեծել է համագյուղացուն. գործը դատարանում է

Խաչփարի համայնքապետ Ղազար Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփարի համայնքապետի աշխատասենյակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ այլ բռնի գործողություններ է կատարել նույն համայնքի բնակիչ Վարդան Օնիկի Բաբայանի նկատմամբ և ծեծել է նրան: Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:  

2021թ. մարտին Վարդան Բաբայանը նույն համայնքում գտնվող իր հողամասում խմելու ջրագիծ անցկացնելու համար դիմել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Մասիս առևտրային տեղամաս, որտեղից վերջինիս տեղեկացրել են, որ դիմումին կից պետք է ներկայացնի նաև համայնքապետարանից տրված՝ հողամասի տեղանքի հատակագիծը։ Նշված փաստաթուղթն ստանալու համար Վարդան Բաբայանը 2021թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, գնացել է Խաչփարի համայնքապետարան և համայնքապետ Ղազար Մարտիրոսյանին հայտնել այդ մասին։ Քանի որ վերջիններս արդեն տևական ժամանակ գտնվել են կոնֆլիկտային հարաբերությունների մեջ, ինչի արդյունքում նրանց միջև ձևավորվել է նաև փոխադարձ հակակրանք և լարվածություն, ուստի Վարդան Բաբայանի առաջարկը լսելուց հետո Ղազար Մարտիրոսյանը մերժել է տրամադրել տեղանքի հատակագիծը և  պահանջել է, որ Վարդան Բաբայանը հեռանա իր աշխատասենյակից, ապա բռնել է վերջինիս ձախ ձեռքից ու ֆիզիկական ուժի գործադրմամբ 1-2 մետր քաշել է դեպի մուտքի դուռը։ 

 

Տեղի ունեցած լարված խոսակցության և քաշքշուկի արդյունքում Վարդան Բաբայանի և Ղազար Մարտիրոսյանի միջև առաջացել է վիճաբանություն, ապա փոխադարձ կռիվ՝ ֆիզիկական ընդհարում, որի ընթացքում Ղազար Մարտիրոսյանը ծեծել է Վարդան Բաբայանին, այն է՝ դիտավորությամբ բռունցքներով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Գործը դատարանում է:

Քաղաքականություն