
Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը չի կարելի թույլ տալ․ Օլաֆ Շոլց

Արևմտյան երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային փողով և զենքով, սակայն ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունը հակամարտությանը չի դիտարկվում։ Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ արեւմտյան երկրների ղեկավարների հետ բանակցություններից հետո։
Տեսակոնֆերանսին մասնակցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և G7 այլ երկրների ներկայացուցիչներ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։
«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք լիովին համաձայն ենք, որ Ռուսաստանը չպետք է հաղթի»,- ասել է Շոլցը։
Նա նաև ուղղակիորեն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և դուրս բերել ռազմական անձնակազմը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ուկրաինայի հակամարտությանը Հյուսիսատլանտյան դաշինքի չմիջամտելը դաշնակիցների միաձայն դիրքորոշումն է։
Միաժամանակ Շոլցը նշել է, որ Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) արդեն սպառել են Ուկրաինային իրենց պաշարներից զենք մատակարարելու իրենց հնարավորությունները։ Այդ կապակցությամբ Բեռլինը բանակցում է ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ, թե ինչ զինատեսակներ և որքան արագ կարող են դրանք առաջարկել Կիև առաքելու համար։