
Ուկրաինայում օտարերկրյա վարձկանները պետք է պատասխան տան․ Մեդվեդև

Օտարերկրյա վարձկանները, ովքեր կմասնակցեն Ուկրաինայում ռազմական գործողություններին և չեն հանձնվի ռուսական զորքերին, ամբողջությամբ պատասխանատվություն կկրեն իրենց գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վարձկանները «կամավորներ չեն», նրանք օրինական մարտիկներ չեն, նրանց չեն վերաբերում Ժնևի կոնվենցիաները։
«Հետևաբար, Ուկրաինայում օտարերկրյա վարձկանները, պետք է ամբողջությամբ պատասխան տան իրենց գործողությունների համար: Իհարկե, եթե ողջ մնան»,-նշել է քաղաքական գործիչը։
Նա հիշեցրել է, որ վարձկանությունը պատմական տեսանկյունից նոր երեւույթ չէ։
«Ի վերջո, զենքը ձեռքին օտարերկրացիները հեշտությամբ գահ են բարձրացնում ցանկացած կամակատարի, և ոչ միայն նրանց, ովքեր հրավիրել են նրանց»,- բացատրել է նա և նշել, որ գլխավորն այն է, որ նրանք վճարում են արտարժույթով: