ՊՆ-ում բոլոր կադրերն իրենց տեղում են․ Պապիկյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ԳՇ-ում փոփոխությունները։ 

 

«Չե՞ք կարծում, որ Եվրասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ԳՇ-ում այդքան մեծ փոփոխություններն իրականության մեջ շատ ավելի են մեծացնում այն սպառնալիքները, որոնք փոխանցվում են նաև մեր տարածաշրջանին, հատկապես, որ ԳՇ պետի պաշտոնում զինվորական այս պահին չկա, ունենք միայ պաշտոնակատար։ Այսպիսի խորը ճգնաժամի պայմաններում նման կտրուկ փոփոխություններն ինչով են պայմանավորված։ Եթե ԳՇ պետն ունի մեծ տապալում կամ այնպիսի ծանր հանցանք է թույլ տվել, որ նույնիսկ մեկ ամիս չեն կարողացել երկարաձգել նրա պաշտոնավարումը, ապա որևէ պարզաբանում ներկայացրեք»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ դիմելով Սուրեն Պապիկյանին։

 

Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, թե, եթե հետևեն տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու փոփոխություններին ու միայն առաջնորդվեն ըստ այդմ, հնարավոր է՝ որևէ փոփոխություն ընդհանրապես չանեն և վերջին մի քանի տարիներին զարգացումների ընթացքն այնպիսին է, որ մշտապես տեղի են ունենում իրադարձություններ, որը վաղօրոք հնարավոր չէ կանխորոշել, բայց, միևնույն ժամանակ, բարեփոխումները անհրաժեշտ են ու ուշանում են:

 

«Ու մենք այսօր չենք կարող հապաղել, իրավունք չունենք հապաղելու: Մենք թևակոխել ենք շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, վստահ եմ՝ վաղուց ժամանակն է, որ նաև պաշտպանական գերատեսչությունում պիտի վստահել, պիտի հնարավորություն տալ պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին, ես չեմ ուզում սա կապել անձերի հետ, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից», - հայտարարեց Պապիկյանը։

 

Նրա խոսքով՝ ՊՆ-ում բոլոր կադրերն իրենց տեղում են, ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտն էլ իրավական բոլոր հիմքերը տալիս է նրան ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ ու հրամաններ:

«Կարծում եմ՝ որևէ վտանգ մենք սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել, ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ օր առաջ ունենանք ավելի մոտիվացված հրամկազմ ու սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին. բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ ու այլ կապերից», - նշեց Պապիկյանը: