«Փաշինյա՛ն, քեզ ենք ձայն տվել, արի տեսնենք, որտե՞ղ է ժողովրդի արդարությունը»․ փարաքարցիները բողոքի ակցիա են անում

 Մենք բողոքում ենք ոչ ժողովրդի կողմից ընտրված Փարաքար համայնքի ղեկավարի դեմ, բնակչության 60%-ից ավելին դեմ է իրեն։ Պատրաստվում ենք գնալ նաև Արմավիրի մարզպետարան և պայքարել անօրինականության դեմ, ամեն քայլի գնալու ենք՝ մինչև կառավարությունում մեր ձայնը լսելի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Մինասյանի ընտրության դեմ բողոքի ակցիա իրականացնող բնակիչներից մեկը։

 

«Մեր ակնկալիքն այն է, որ ոչ թե ժողովրդի կողմից, այլ իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարը և ավագանու անդամները հասկանան, որ իրենք ժողովրդի կողմից չեն ընտրված և չեղյալ համարեն իրենց ընտրությունը: Ժողովուրդը չի ընդունում իրենց ղեկավարումը։ Որտե՞ղ է գրված, որ երկու հոգով պետք է կառավարեն համայնքը, եթե այդպես է, 21 ավագանի է, բերենք օրը մեկին տանք, թող կառավարեն։ Սա է արդարությո՞ւնը, այս ժողովուրդն իրեն ընտրեց, դարձավ վարչապետ, որ ժողովրդի արդարությունը ոտքի տակ տա՞, ի վերջո այս չորս տարվա ընթացքում արդարությունը պե՞տք է երևա, թե ոչ։ Բոլորս 3 մլն վարչապետ էինք, ոչ մեկին բանի տեղ չեն դնում հիմա, մեր ձայնը չեն ուզում լսեն»,–ասաց նա։

Բնակիչներից մեկը նշեց, որ բողոքի ակցիային եկել է որդու հետ ու հարկ եղած դեպքում մինչև վերջ կմնան փողոցում։

 

«Մեր ձայները պետք է վերականգնվեն, ի՞նչ անենք, թողնենք գնա՞նք, ասում էր արդարություն, Նիկոլ Փաշինյա՛ն, արի տեսնենք որտե՞ղ է այդ արդարությունը, քեզ ենք ձայն տվել, ոտքով քայլել ենք մինչև հրապարակ, երեք օր էլ մնացել ենք հրապարակում, հիմա  մեր ձայնը հաշվի չեն առել»։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

 

2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էին իրենց թեկնածուին` Վալոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը։ Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։

 

Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել համայնքապետի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, որը բավարարվել էր:

Քաղաքականություն