Քաղաքականություն

Ի՞նչ է ակնարկում Մոսկվան Հայաստանին

Ի՞նչ է ակնարկում Մոսկվան Հայաստանին

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական կերպով վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերությունները նոր իրողությունների պայմաններում, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի պատմությունը լի է հերոսական էջերով, անձնվեր աշխատանքով և նշանակալի ձեռքբերումներով։ Դարերի ընթացքում ձևավորվել է ռուս ժողովրդի ինքնագիտակցությունը, որը հիմնված է հայրենիքի հանդեպ սիրո, պատմության, ավանդույթների, հոգևոր և կրոնական արժեքների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև արդարության ձգտման վրա։

Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը կրկին բարդ փորձությունների շրջան է ապրում, սակայն համոզված է, որ ոչ ոքի չի հաջողվի կոտրել երկիրը կամ ստիպել հրաժարվել իր անկախությունից։

«Նրանք, ովքեր չեն կարող հաշտվել մեր երկրի ինքնիշխան և ինքնաբավ դիրքորոշման հետ, չեն հասնի իրենց նպատակներին ոչ քաղաքական ինտրիգներով, ոչ պատժամիջոցներով, ոչ ահաբեկչական հարձակումներով, ոչ էլ տեղեկատվական դիվերսիաներով։ Ինչպես բազմիցս եղել է մեր պատմության ընթացքում, մենք կհաղթահարենք այդ փորձությունները և ավելի ուժեղ կդառնանք»,- ասել է նա։

Դեսպանը նշել է, որ, չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, Ռուսաստանը շարունակում է մնալ համաշխարհային գործընթացների առաջատար մասնակիցներից մեկը և նպաստում է բազմաբևեռ ու ավելի արդար աշխարհակարգի ձևավորմանը՝ հիմնված պետությունների իրավահավասարության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա։

Կոպիրկինի խոսքով՝ Մոսկվայում համոզված են, որ գլոբալ կայունությունը հնարավոր է ապահովել միայն փոխադարձ հարգանքի, բոլոր կողմերի շահերի հաշվառման և արտաքին պարտադրանքներից հրաժարվելու հիման վրա։ Նա ընդգծել է, որ այդ գաղափարները խթանվում են նաև ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում իրավիճակին՝ դեսպանը նշել է, որ Իրանի դեմ ագրեսիան վտանգի տակ է դրել համաշխարհային լոգիստիկ, առևտրատնտեսական, էներգետիկ և պարենային անվտանգությունը։ Նրա խոսքով՝ այս պայմաններում առավել արդիական է դառնում Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր համակարգի ձևավորումը։

Կոպիրկինը նաև ընդգծել է, որ աշխարհաքաղաքական զարգացումներն անմիջական ազդեցություն են ունենում Հարավային Կովկասի վրա, և Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ տարածաշրջանում կայունության, տնտեսական զարգացման և տրանսպորտային կապերի ամրապնդման գործում։

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս հիմնված են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև ամուր իրավապայմանագրային բազայի վրա։

«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր հարաբերությունները հասել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ ու տարածաշրջանային իրողություններին հարմարվելու փուլին։ Մոսկվան լիովին պատրաստ է այս համատեղ աշխատանքին՝ կառուցողական և փոխշահավետ հիմքով՝ օգտագործելով առկա երկկողմ մեխանիզմները»,- հայտարարել է դիվանագետը։

Կոպիրկինը շեշտել է, որ Ռուսաստանը երբեք չի կասկածի տակ դրել Հայաստանի՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը։ Միաժամանակ Մոսկվան ակնկալում է, որ Երևանի հարաբերությունները այլ գործընկերների հետ չեն վնասի հայ-ռուսական կապերին և չեն ուղղվի Ռուսաստանի դեմ։

Դեսպանը նաև ընդգծել է երկու ժողովուրդների դարավոր կապերի, համատեղ հաղթանակների և մշակութային ու հոգևոր ընդհանրությունների կարևորությունը։ Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է Մոսկվայում անցկացնել Հայաստանի հոգևոր մշակույթի օրեր, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր։

Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր արտաքին առևտրային գործընկերը, առաջատար է դրամական փոխանցումների և զբոսաշրջային հոսքերի ծավալներով, իսկ ռուսական կապիտալով ընկերությունները զգալի ներդրում ունեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

«Այս արդյունքները մեծապես ապահովվում են եվրասիական տնտեսական ինտեգրման ներուժի համատեղ օգտագործմամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը հայ գործընկերների հետ նաև այս ուղղությամբ»,- եզրափակել է դեսպանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250