
Բելառուսում հայտարարել են Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու փորձի մասին

Բելառուսը ոչ միայն հարթակ է տրամադրում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների համար, այլ իրական ջանքեր է գործադրում հակամարտող կողմերին հաշտեցնելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա Բելառուսն անվանել է «աշխարհում միակ երկիրը, որն իսկապես ինչ-որ բան է արել՝ փորձելով հաշտեցնել կողմերին» և ընդգծել, որ հանրապետության իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երկրորդ փուլն անցկացնելու համար։
Գոլովչենկոն նաև ավելացրել է, որ ստեղծված իրավիճակը ստիպում է Բելառուսի իշխանություններին միջոցներ ձեռնարկել հանրապետության ռազմական և տնտեսական անվտանգությունն ապահովելու համար, և ափսոսանք է հայտնել, որ «հակաբելառուսական ուժերը» ջանում են Մինսկին «կապել» Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությանը։
Փետրվարի 28-ին Բելառուսի սահմանային անցակետում կազմակերպվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կողմերը կոնկրետ որոշումների չեն հանգել, և պատվիրակները մեկնել են իրենց երկրների մայրաքաղաքներ հետագա խորհրդակցությունների համար։