ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպառնալիքներով չխոսեք». լարված վիճակ՝ Սեյրան Օհանյանի ելույթից հետո

 Ազգային ժողովի նիստերի օրակարգ չընդգրկվեց Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծը, քանի որ իշխող «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

 

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն հայտարարեց, որ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի մերժումն անվտանգության միջավայրի ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատման և այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներում թուրք-ադրբեջանական վարքագծին և բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունք է:

Ըստ Օհանյանի՝ ԱԺ լռությունը հակահայ այս հռչակագրի վերաբերյալ նշանակում է համաձայնություն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության հետ.

«Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության տեսակետը, որ այս հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը, մենք նշում ենք, որ ընդհակառակը, այն ամբողջությամբ 100 տոկոսանոց ազգային է, պետական աջակցությանն է ուղղված։ Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման շահերից։ Այն մեսիջ կլինի և ՀՀ և Արցախի Հանրապետության ժողովրդին և աշխարհասփյուռ հանրությանը, նաև միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր և չենք նահանջելու դրանից։ Այսինքն՝ ինքնիշխանության և հայ ժողովրդի արժանիքների կորուստ չի լինելու: Հակառակ դեպքում մենք սա կդիտարկենք, որպես թշնամու շահերի սպասարկում»,-ասաց Օհանյանը և առաջարկեց կրկին ԱԺ օրակարգ բերել «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագիծը:

 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ «Դեռ շատ մեծ հարց է՝ ով է թշնամու շահերը սպասարկում, պարոն Օհանյան»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ իր հերթին կոչ արեց սպառնալից տոնով չխոսել․
«Մնում է, որ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ քվեարկությունից առաջ կամ հետո։ Դա քաղաքական խոսք չէ, սպառնալիք է»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը քաղաքական սթափության կոչ արեց և 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Քաղաքականություն