Ուսումնասիրում են համավարակի ու պատերազմի հետևանքով երեխաների մոտ առաջացած իրավիճակները

Մոտ 15 հոգեբաններ միջազգային փորձագետի օգնությամբ ծանոթանում են   այնպիսի նորագույն մեթոդներ, որոնք միտված են երեխաներին ու դեռահասներին դուրս բերել հոգեբանական ծանր իրավիճակներից։  Երկրում իրար հաջորդած իրադարձությունների՝ համավարակի ու 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակները հաշվի առնելով, այժմ հոգեբաններն  ուսումնասիրում են թե երեխաներն ու դեռահասները ինչպես են տանում իրենց ընտանիքի վշտերը, մեծերի տագնապները, հուսահատություններն ու կորուստները։ Ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան մեկ տարի անց, երբ կհրապարակվի մասնագիտական խմբի գիտական հետազոտությունների մասին միասնական զեկույցը։ 


Աղետներից ու պատերազմներից հետո, հատկապես երեխաների առողջության և սթրեսների ազդեցության ուսումնասիրման հարուստ փորձ տեղի մասնագետները դեռևս չունեն։ Հայաստանում երեխաների և դեռահասների շրջանում նոր ներդրվող հոգեբանական աջակցության մի ամբողջ մեթոդոլոգիա են մշակում հոգեբանները, որպեսզի կարողանան օգնել արտակարգ կամ ծանր իրավիճակներում հայտնված ընտանիքներին բարձրացնել երեխաների տոկունությունը։ Ըստ մասնագետների հոգեբանական ազդեցությունները երկարատև են և միջսերնդային։ Հոգեբանները նշում են՝ պետք են այնպիսի մեթոդներ կիրառել, որ ընտանեկան ողբերգության մասին երեխային տեղեկություններ փոխանցվեն այնպիսի նրբությամբ, որ հետագայում դրանք լրջագույն ազդեցություն չթողնեն։ 

«Կարող է էս պահին երեխայի վրա ազդեցություն չկա, բայց պատահական ընտանեկան միջսերնդային պատմությունները կարող են կտրուկ ներգործել նրա հոգեվիճակի վրա, և ընտանիքի գիտելիքն ու իմաստությունն է պետք, թե ինչպես է հանձնում ընտանեկան թեկուզ տխուր պատմությունները երեխային։ Շատ երեխաներ, որոնք արցախյան պատերազմի հետևանքները կրեցին և կրում են, բազմաթիվ երեխաներ ովքեր տառապում են ընտանեկան բռնություններից, ունեն կորուստներ, սուգեր և այլն․․․ Էս մեթոդոլոգիայով կարող ենք իրենց մոտ առաջացնել տոկունության մի աստիճան, որն իրենց կօգնի առաջ գնալ, լինել լավատես և պատրաստ լինել նորից դիմակայել այլ խնդիրների»- նշում է «Արևամանուկ» հոգեբանասոցիալական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Գմյուրը։ 



Հայաստանի տարբեր մարզերի հոգեբաններին իտալացի փորձագետն իր մասնագիտական, փորձագիտական հմտություններն է փոխանցել։ Մեթոդները նոր են տեղի հոգեբանների համար, որոնք հետագայում կդառնան կիրառելի երեխաների և նրանց ընտանիքների հետ տարվող աշխատանքում։  Երեխայի հոգեբանության դոկտոր Ֆրանչեսկա Ջիորդանոն Գյումրի է ժամանել Միլանից։ Վերջին 12 տարիների ընթացքում իրականացրել է հետազոտություններ՝ ուղղված դժվարին, անելանելի իրավիճակներում հայտնված երեխաների տոկունության բարձրացմանը։ Հայ գործընկերների հետ աշխատելով,  իր գիտելիքները փոխանցելուց բացի, փորձում է ծանոթանալ նաև հայկական փորձին: 

«Կարծում եմ, հայերի մշակույթի մեջ այնքան շատ կան կյանքը իմաստավորելու սիմվոլներ ու տարրեր, որոնք ուժ են տալիս ոգևորելու, ապրելու և ցանկացած դժվարությոններ հաղթահարելու համար։ Առաջին անգամ եմ Հայստանում, բայց առաջին իսկ պահից հասկացել եմ, որ հայերի մեջ դժվարություններին դիմակայելու պոտենցիալը շատ մեծ է»,- նշում է երեխայի հոգեբանության դոկտոր Ֆրանչեսկա Ջիորդանոն։ 



Մինչև տարեվերջ հոգեբանների կատարած հետազոտությունների արդյունքները հիմք են դառնալու գիտական նոր ուսումնասիրությունների, որից հետո կազմված նոր ուղեցույցը լուրջ ձեռնարկ կդառնա այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են երեխաների մոտ առկա սթրեսային իրավիճակները հաղթահարելու դժվարին գործով։ 

 

Քաղաքականություն