Քաղաքականություն

G7-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են արել

G7-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են արել
G7 խմբի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իրենց անհանգստությունն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական…

G7 խմբի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իրենց անհանգստությունն են հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման կապակցությամբ: Այս մասին ասվում է բանակցությունների արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ։ 

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի հետ սահմանին, անօրինական բռնակցված Ղրիմում և Բելառուսում ՌԴ ռազմական ներկայության սպառնալից ուժեղացմամբ։ Ռուսաստանի զինված ուժերի չսրված և չարդարացված ավելացումը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական մայրցամաքում դրանց խոշորագույն ծավալումը գլոբալ անվտանգության և համաշխարհային կարգի մարտահրավեր է», – ընդգծվում է հայտարարության մեջ: 

Յոթնյակի խումբն աջակցում է նորմանդական ձևաչափով Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացմանը։ 

«Մենք ընդգծում ենք մեր բարձր գնահատականն ու  «նորմանդական գործընթացի» շրջանակներում Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերի շարունակական աջակցությունը Մինսկի համաձայնագրերի լիակատար կատարումն ապահովելու համար, ինչը Ուկրաինայի արևելքում հակամարտության կայուն քաղաքական լուծման միակ ճանապարհն է»,- նշված է հայտարարության տեքստում: 

Դրանում նաև ասվում է, որ G7-ի երկրները հաստատում են Մինսկի պայմանավորվածությունները կատարելու Կիևի մտադրությունը: 

«Մենք հաստատում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային հայտարարությունները, որոնցում ընդգծվում է Մինսկի համաձայնություններին Ուկրաինայի հաստատակամ հավատարմությունը և այդ գործընթացում կառուցողական ներդրում ունենալու նրա պատրաստակամությունը: Ուկրաինական նախաձեռնություններն արժանի են լուրջ քննարկման ռուս բանակցողների և Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից», – ասված է հայտարարության մեջ: 

Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ դիտորդները պետք է առանց սահմանափակումների կատարեն իրենց աշխատանքը։ 

«Մենք աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությանը, որի դիտորդները կարևոր դեր են խաղում լարվածության թուլացման ջանքերում։ Այդ առաքելությանը պետք է պայմաններ ապահովվեն նրա մանդատի ամբողջական կատարման ուղղությամբ աշխատանքի համար՝ առանց գործունեության և տեղաշարժի ազատության որևէ սահմանափակման՝ Ուկրաինայի արևելքում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով», – ասված է հայտարարության մեջ: 

ԵԱՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի արևելքում անվտանգության հետ կապված իրավիճակի զգալի վատթարացման մասին: ԵԱՀԿ-ն ճշտում է Կիևի և Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների պնդումները Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտումների մասին և պահանջում է ապահովել այդ շրջաններին անարգել հասանելիություն: 

Յոթի խումբը հաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հավատարմությունը։ 

«Մենք հաստատում ենք մեր անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածքային ջրերի սահմաններում»,- նշվում է հայտարարության մեջ: 

Ընդ որում, նշվում է, որ յոթի խումբը նաև «հաստատում է ցանկացած ինքնիշխան պետության իրավունքը՝ որոշելու իր ապագան և անվտանգության մեխանիզմները: Մենք ողջունում ենք Ուկրաինայի զուսպ դիրքորոշումը շարունակվող սադրանքների և ապակայունացման ջանքերի դեմ»,- ընդգծվում է տեքստում: 

Դրա հետ մեկտեղ G7-ի ԱԳ նախարարները հաստատել են համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդի հետ՝ աջակցություն հայտնելով ժողովրդավարության և ինստիտուտների ամրապնդման Կիևի ջանքերին, ինչպես նաև խրախուսել են բարեփոխումների հետագա առաջընթացը: 

«Մենք չափազանց կարևոր ենք համարում օգնել պահպանել Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կայունությունը և նրա ժողովրդի բարեկեցությունը»,- նշվում է հայտարարության մեջ: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250