«Կովերի պարտեզ»-ի վարձակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել․ Ըստ սաղիմահայերի՝ Հայաստանն ու Հայ եկեղեցին պասիվ կեցվածք են որդեգրել

Երուսաղեմում պատրիարքության շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում։ Նուրհան Պատրիարքը չի ուզում հետ կանգնել Կովերի պարտեզի՝ 99 տարով հրեա գործարարին վարձակալություն տալու ստորագրությունից, Հայր Պարետը՝ նույնպես։

 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համայնքի ներկայացուցիչները նշեցին, որ այժմ պահն է Պաղեստինի, Հորդանանի և Հայաստանի իշխանություններն ավելի գործնական լինեն և օր առաջ քայլեր ձեռնարկեն կասեցնելու այս պայմանագիրը։

 

«Այժմ օր առաջ պետք է Նուրհան Պատրիարքը հրաժարվի պատրիարքությունից, իսկ Պարետ Երեցյանը կարգալույծ հռչակվի, քանզի նրանք վտանգ են հայ առաքելական եկեղեցու և նրա համայնքների համար։ Նուրհան Պատրիարքը իր մնալով վտանգի տակ է դնում Հայոց Պատրիարքությունը:

Պատրիարքը հրաժարվում է ցույց տալ կնքած պայմանագիրը, որն, ըստ իրենց, լավ պայմանագիր է։

Սպասում են հանրությանը պայմանագրի ներկայացնելուն, որևէ մեկը  ոչ միաբաններից, և ոչ էլ հանրությունից չի  տեսել այդ պայմանագիրը։ Էջմիածինը որևէ անգամ չարձագանքեց, մեկ անգամ Գերագույն հոգևոր խորհուրդը մի կարճ անդրադարձ արեց, դրանից հետո որևէ անդրադարձ չեղավ, և Հայաստանի իշխանությունը շարունակում է լուռ մնալ»,-ասել է զրուցակիցը:

 

Նրա խոսքով, Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես լուռ է, թեև Պաղեստինի իշխանությունը տեղեկացրել է խնդրին,  բայց միայն մի խեղճ հայտարարություն եղավ Էջմիածնի կողմից որևէ բանի օգուտ չտվող. 

 

«Պաղեստինյան իշխանոթյունները այցելել էին Երևան, քննարկում եղավ, սակայն սայլը տեղից չշարշժվեց, ԱԳՆ-ն որևէ մտահոգություն անգամ չհայտնեց: Հիմա սաղիմահայերը սպասում են ՀՀ իշխանությունների և Էջմիածնի արձագանքին, որ լուծում գտնեն այս ապօրինի գործարքի չեղարկման համար»:

 

Խնդրի հետ կապված պատրիարքության միաբանները բաժանվել են երկու մասի, մի մասն աջակցում է պատրիարքին, մյուս մասը՝ մերժում։ Նշվում է, որ եթե այսպես շարունակվի և պատրիարքն ընդառաջ չգնա հանրությանը, ապա կպահանջեն պատրիարքի հրաժարականը։

 

Հատկանշական է, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրը անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:

 

Սաղիմահայերին մտահոգում է, որ Հայաստանն ու Հայ եկեղեցին պասիվ կեցվածք են որդեգրել. 

 

«Կաթողիկոսը որպես եկեղեցու առաջնորդ պետք է իր մտահոգությունը հայտնի, պետք է խնդրի պայմանագիրը հանրությանը ներկայացնեն Նուրհան պատրիարքն ու Պարետը:

Կաթողիկոսը նաև կարող է դիմել հանրությանն ու հայտարարել, որ մեր իրավունքները Երուսաղեմում վտանգի մեջ են, պետք հայ ազգը Երուսաղեմի կողքին կանգնի, նաև կարող է ժամանել Երուսաղեմ ու հանդիպել Նուրհան Պատրիարքի հետ, համայնքի հետ։

 

Հայաստանը պետք է շատ արագ Պաղեստինի իշխանության հետ աշխատի, որպեսզի լուծում գտնեն կառավարական մակարդակով։ Նաև Կաթողիկոսը կարող է քննիչ հանձնախումբ ուղարկել այստեղ: Օրինակ, Վազգեն Կաթողիկոսի օրոք այստեղ հանձնախումբ ժամանեց Եղիշե Պատրիարք Տերտերյանի օրոք, որը ստուգեց բոլոր կալվածքների վիճակը: Հիմա էլ Էջմիածինը կարող է այստեղ 5-6 հոգանոց քննիչ հանձնախումբ ուղարկել նույն նպատակով: Այդ դեպքում Նուրհանը և Պարէտը չեն կարող մերժել և ստիպված են ներկայացնել իրենց կատարած բոլոր գործարքները: Դա պետք է անել հիմա, քանի դեռ ուշ չէ:

Այդ հանձնաժումբը քննության կառնի ոչ միայն այս անօրինական գործարքը, այլև վերջին տարիներին կնքված բոլոր գործարքները, թե ինչ կալվածքներ են մնացել»,-ասել է զրուցակիցը:

 

Հիշեցնենք՝ 2021թ․-ի նոյեմբերի 11-ին Գերագույն հոգևոր խորհուրդը, շարունակելով իր աշխատանքները, ի թիվս օրակարգային այլ հարցերի, մասնավոր անդրադարձ է կատարել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որը լայն արձագանք է ստացել նաև հրապարակային տարբեր հարթակներում։

Քաղաքականություն