ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիստերիա Ադրբեջանում․ ադրբեջանական մեքենաները խաղաղապահներից բացի ստուգել են նաև Արցախի ոստիկանները
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան տարանցման ժամանակ բեռնատարները ռուս խաղաղապահներից բացի ստուգել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը, փոխանցում է Tert.am-ը։
Ինչպես գրում է Minval.az-ը, սա «Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»։
Լրատվամիջոցը չի բացառել, որ սա կարող է ռուսական և արցախյան կողմերի «պայմանավորվածության» արդյունք լինել:
Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան անվտանգ ուղեկցումը Լեռնային Ղարաբաղի տարածքով։
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Մատաղիս-Գետավան-Վանք երթուղու երկայնքով և հակառակ ուղղությամբ ուղեկցել է մոտ 20 մեքենաներից բաղկացած շարասյուն՝ շինանյութով և սննդամթերքով։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Միխայիլ Կիրիլենկոն պատմել է, որ այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է տրանսպորտային միջոցների վարորդների և ուղեկցող անձնակազմի մեծ ուշադրությունը: Երթուղու երկարությունը 42 կիլոմետր է:
Երթուղուն հետևելիս շարասյունը հատել է երեք դիտակետ, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում։