Բայդենը մտադիր է մոտ ապագայում զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մոտ ապագայում զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում, հայտնում է Սպիտակ տունը։ Լրագրողները նրան հարցրել են, թե երբ է նա նախատեսում զորքեր ուղարկել: Պետության ղեկավարը պատասխանել է, որ «մոտ ապագայում»։ Նա պարզաբանեց, որ խոսքը սակավաթիվ զինվորականների մասին է։
Ավելի վաղ Պենտագոնը պատրաստակամություն էր հայտնել կարճ ժամանակում Եվրոպա ուղարկել 8,5 հազար զինվորական։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ավելի ուշ հայտնեց, որ Միացյալ Նահանգները դեռևս չի սկսել ուժեր տեղափոխել տարածաշրջան: Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին իր հերթին պարզաբանել է, որ Ուկրաինայում մշտական զորամասեր ու բազաներ չկան, երկրում են միայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մի քանի խորհրդականներ և հրահանգիչներ։
Մինչ այս ՆԱՏՕ-ն հայտարարել էր Արևելյան Եվրոպա զինուժ, նավեր և ինքնաթիռներ ուղարկելու մասին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես խոսել է Սեւծովյան տարածաշրջանում 5000 զինծառայող տեղակայելու պատրաստակամության մասին։ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունը արևելյան թեւում, որպեսզի կանխի Ռուսաստանի կողմից դաշնակիցներին պաշտպանելու պատրաստակամության վերաբերյալ թյուրիմացությունները, պարզաբանել է Ստոլտենբերգը։ Միությունը չի նախատեսում զորքեր տեղակայել Ուկրաինայում, վստահեցրել է նա։ ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է, որ իրենք չեն սպառնում Ռուսաստանին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն սկսեցին հայտարարություններ անել Արևելյան Եվրոպա զորքեր տեղափոխելու մասին՝ Ուկրաինա մոտալուտ ռուսական ներխուժման մասին արևմտյան զեկույցների ֆոնին։ Մոսկվան հերքում է այս պնդումները։ Ռուսաստանը թույլ չի տալիս անգամ մտածել Ուկրաինայի հետ պատերազմի մասին, հայտարարել են ԱԳՆ-ում։ Գերատեսչությունը բացառել է հարևան երկրի վրա հարձակվելու Մոսկվայի ցանկացած պլան։ Այդուհանդերձ, Կիևի «արտերկրյա կուրատորները» շարունակում են հավատարիմ մնալ իրենց հորինած սցենարին և ձգտում են այն իրականացնել, նշել են նրանք։