Պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ՊՆ-ն թաքցրել է. Աբրահամյան

«ԱԺ վերջին քառօրյայի ընթացքում պարզվեց՝ պաշտպանության նախարարը չի տիրապետում, թե 2021 թվականի ընթացքում որքա՞ն մարտական կորուստներ են եղել»,-խորհրդարանական ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նկատեց, որ անցած տարվա ընթացքում բացի ադրբեջանական սադրանքների հետևանքով զոհված, գերեվարված զինծառայողներից, բանակում եղել են մահվան դեպքեր ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։

Տիգրան Աբրահամյանը նաև ընդգծեց, փաստացի հաստատում ստացավ այն, որ 2021 թ. նոյեմբերին պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ինչի մասին պաշտպանական գերատեսչությունը չի հաղորդել։

«Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որ նման դեպքերը չհանրայնացվեն»,-ասաց օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցիչն ու նկատեց՝ իշխանության կողմից կան ազդակներ, որ իշխանության քիմքին ոչ հաճո ինֆորմացիայի հանրայնացումը կարող է հանգեցնել քրեական գործերի հարուցման։

«Զինված ուժերում կան մեծ թվով հարցեր, որոնք բնականաբար չեն կարող բաց քննարկվել, կան թեմաներ, որոնք չպետք է հանրայնացնել, բայց իշխանությունը փորձում է  օգտվել այս հանգամանքից ու ամբողջությամբ փակել համակարգը, որըևէ տեղեկատվություն չհրապարակել։ Սա ոչ միայն խնդիր է հայ հասարակության համար, սա խնդիր է զինծառայողների ու նրանց ընտանիքների համար։ Ես առնչվում եմ բազմաթիվ դեպքերի, երբ զինծառայողների իրավունքները խախտվում են, սակայն դրանք որևէ կերպ չեն հանրայնացվում, բարձրաձայնած խնդիրները լուծում չեն ստանում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ հետպատերազմյան կարևոր խնդիրներից մեկը զինված ուժերի վերականգնում է, քանի որ պատերազմում Հայաստանն ունեցել է զինամթերքի հսկայական կորուստներ։

«Բացի այդ, մեր շուրջը ստեղծվել է նոր իրավիճակ պաշտպանական ու անվտանգային առումներով, այս իրավիճակում անխուսափելիորեն պետք է գնալ զինված ուժերի արդիականացման»,-ասաց նա։

Պատգամավորն ընդգծեց՝  կարճ ժամանակով պաշտոնավարած պաշտպանության նախարարները հայտարարեցին, որ կա զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգ, բայց մեկ տարի անց որևէ հայեցակարգ չեն տեսել։

«Հաստատվել է 2022թվականի պետական բյուջեն, ռազմական բյուջում Զինված ուժերի բարեփոխումների հարց դրված չէ։ Այսինքն, մի կողմից ունենք զինված ուժերի բարփեխումների խնդիր, բայց իրականության մեջ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում դրանց իրականացման համար»,-նշեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ