«Մենք պատրաստ չենք զոհաբերել մեր հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը». Բլինկեն

Միացյալ Նահանգները Ռուսաստանին չի զոհաբերի իր հիմնարար սկզբունքները, այդ թվում ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականությունը»։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Ժնևում Ռուսաստանի արտհործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները։

 

«Կարևոր է հստակ հայտարարել այն մասին, թե ինչ չենք անի... Մենք պատրաստ չենք զոհաբերել մեր հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը», - ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը:

Բլինկենը նշել է, որ նա «պարզ հասկացրել է» Լավրովին, որ գոյություն ունեն սկզբունքներ, որոնք ԱՄՆ գործընկերները և դաշնակիցները պատրաստ են պաշտպանել։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանն այժմ ընտրության առաջ է՝ բանակցություններ կամ հակամարտությունը, ԱՄՆ-ն ու դաշնակիցները երկու տարբերակներին էլ պատրաստ են։

«Դա ընտրություն է, որի առաջ Ռուսաստանն այժմ կանգնած է։ Դուք կարող եք ընտրել դիվանագիտության ուղին, որը տանում է դեպի խաղաղության և անվտանգության։ Կամ այն ճանապարհը, որը կհանգեցնի հակամարտության, լուրջ հետևանքների ու միջազգային դատապարտման», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

 

Մեկնաբանելով կայացած հանդիպումը՝ Բլինկենը նշել է, որ այդ քննարկումը չի կարելի բանակցություններ անվանել, դա ավելի շուտ «գաղափարների անկեղծ փոխանակում» էր:

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ այդ քննարկումներից հետո Վաշինգտոնն ու Մոսկվան գտնվում են միմյանց դիրքորոշումների ավելի լավ ընկալման ճանապարհին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են աշխատել մի շարք ոլորտներում «փոխադարձ մտահոգությունների» լուծման ուղղությամբ, ներառյալ սպառազինությունների վերահսկողությունը:

«Կան ոլորտներ, որտեղ մենք փոխադարձ հիմունքներով կարող ենք արձագանքել մտահոգություններին, դա նաև մեր ռազմական գործողություններում մեծ թափանցիկություն է, ռիսկերի նվազեցման տարբեր միջոցները, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունն ու վստահության ամրապնդման այլ ուղիները», - ասել է Բլինկենը:

 

Ժնևում Լավրովի և Բլինկենի հանդիպումը երրորդն էր։ Առաջինը եղել է մայիսին Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարների հանդիպման շրջանակում։ Երկրորդը դեկտեմբերին՝ Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակում։

Քաղաքականություն