Մանուկյանը ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրվելու դեպքում կսառեցնի ՔՊ-ում իր կուսակցական գործունեությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է անաչառ, սառեցնելու է գործունեությունը կուսակցությունում: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը: 
ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հիշեցրեց, որ Արթուր Մանուկյանը կուսակցական է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընտրվելու դեպքում անկախ մարմնում այլևս չի կարող մնալ կուսակցական: Նա հետաքրքրվեց, թե Մանուկյանն ի՞նչ է անելու: 

«Եթե ընտրվում եմ, օրենքի պահանջով սառեցնում եմ կուսակցական իմ գործունեությունը: Նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական տեսլականից»,-ասաց Մանուկյանը: 

Թեկնածուն նշեց՝ գուցե ոմանց համար երդվելը ոչինչ չի նշանակում, իր համար անկեղծորեն շատ մեծ բան է  նշանակում՝ վստահեցնելով, որ եթե երդվի լինել անաչառ, ուրեմն լինելու է անաչառ: 

Արթուր Մանուկյանի թեկնածությունը ՀՌՀ անդամի պաշտոնում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Քաղաքականություն