
Թուրքիան եղել է Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից մեկը․ Թունյան

Մենք 30 տարի Թուրքիայի հետ առևտուր ենք արել, չնայած չենք ունեցել անմիջական սահման, բայց Թուրքիան եղել է Հայաստանի թոփ 5 առևտրային գործընկերներից մեկը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների այն պնդումներին, որ հայ-թուրքական սահմանների բացվելու պարագայում Թուրքիան Հայաստանի տնտեսությունը փողախեղդ կանի և միայն ինքը դրանից կշահի, Բաբկեն Թունյանը նշեց, որ եթե այդ տրամաբանությամբ ենք դիտարկում, ապա պետք է ընդհանրապես բոլոր երկրների առջև մեր դռները փակենք։
«Բոլոր այն երկրները, որոնք մեզանից ավելի մեծ շուկա ունեն, արտադրական հնարավորություններ ունեն, նշանակում է՝ պետք է մեկուսանանք բոլորից ու տեղում արտադրենք այն ամենը, ինչ մեզ պետք է»,-ասաց Բաբկեն Թունյանը։
Վերջինս հավելեց, որ անգամ բաց սահմանների դեպքում պաշտպանական մեխանիզմները կան և ավելի շատ պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե մենք որ ուղղություններով կարող ենք մրցունակ լինել, որ անկախ երկրի չափերից կարողանանք անարգել իրականացնել մեր գործունեությունը։
Հարցին՝ թուրքական էքսպանսիա սպասվում է, թե ոչ, Բաբկեն Թունյանն արձագանքեց.
«Չեմ կարծում, որ թուրքական էքսպանսիա սպասվում է։ Նման վտանգի դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կանցկացվեն»,-ասաց պատգամավորը։