Ով է ուզում ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը
Մարալիկում լուրեր են պտտվում, թե պատրաստվում են ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Այս մասին գրում է hraparak.am-ը։
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ իր հերթին է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել լուրերին՝ գրելով․
«Պահանջ իշխանությանը. հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրի իսկությունը։
Նախապես ասեմ, որ հավատում եմ, որ մեծ ցանկություն կունենաք դա անելու, բայց որպեսզի հետո տարատեսակ մանիպուլյացիաների չդիմեք, ապա խոսեք այս մասին շատ ուղիղ տեքստով»։
Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասել էր․ «Ես երեք օրը մեկ Ֆեյսբուքից ստանում են նախազգուշացում, որ ես իրավունք չունեմ նման բաներ գրել։ Ես եվրոպացի իմ գործընկերներից ունեմ ստույգ տեղեկատվություն, պնդում եմ, պատրաստ եմ ցանկացածի հետ գրազ գալ, որ առաջիկա ամիսներին Մարալիկում Սողոմոն Թեհլիրյանի արձանն ապամոնտաժվելու է։ Ես փորձեցի մտահոգություններս Ֆեյսբուքի միջոցով բարձրաձայնել, կես ժամ հետո ինձ եկավ նախազգուշացում, գրառումս փակվեց»։
Մարալիկցիները ևս տարակուսած են։ Որտեղի՞ց են խոսակցությունները: Ոմանք էլ կարծում են, որ արձանը չէ խնդիրը։ Այն ընդամենը շեղող թեմա է։ «Վաղը կասեն՝ ոչ մի արձան էլ չի հանվում, արձանով անհանգստացած մասսան գոհ ու երջանիկ կմնա՝ չիմանալով, որ նախորդ երեք հակահայ կետերն ընդունվել են թրքահաճ իշխանության կողմից»,-նշում է քաղաքացիներից մեկը։
Արձանը, որ կանգնեցվել է Մարալիկում 2015-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, անհատի նախաձեռնություն էր։ Յուրա Հովհաննիսյան բարերարն արդեն 20 տարի ապրում է Սանկտ Պետերբուրգում, հենց նրա սեփական նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով հայրենի Մարալիկում կանգնեցվեց Թեհլերյանի արձանը: Հիմա ո՞վ կամ ի՞նչ իրավունքով է քանդելու այն, բարկանում են մարալիկցիները:
Ի դեպ, Մարալիկն ընդգրկված է Անի խոշորացված համայնքի կազմում, եւ արձանն էլ՝ որպես պատմամշակութային արժեք, ապամոնտաժելու որոշում պետք է կայացնի Անիի ավագանին: Շրջանառվող լուրերի հետ կապված` զրուցեցինք Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանի հետ: Վերջինս փոքր-ինչ բարկացած ասաց․
«Դրանք ընդամենը կողքի խոսակցություններ են: Մենք այդպիսի տեղեկություն կամ իրազեկվածություն չունենք: Գիտեք՝ հիմա մեր պետությունն այնքան կարևոր, լուրջ հարցեր ունի, նման խոսակցություններ, իսկապես, չգիտեմ․․: Ես՝ որպես համայնքի պատասխանատու, ասում եմ՝ նման բան չկա»:
Նշենք, որ Սողոմոն Թեհլերյանի արձանի քանդակագործը գյումրեցի Սամվել Պետրոսյանն է, ով հայ վրիժառուին կերտել է զենքը ձեռքին, իսկ ոտքի տակ` ինչ-որ բան: Շատերը դա մեկնաբանում են որպես Թալեաթ փաշայի գլուխը, ինքը՝ քանդակագործը, այն ժայռ է համարում: «Ժողովուրդն ինչպես ուզում է, կարող է մեկնաբանել, այստեղ գլխավորը մեր վրիժառուն է, թե նրա ոտքերի տակ Թալեաթը կլինի, քար, թե մեկ ուրիշ բան, էական չէ», - նշել է քանդակագործը:






























