Լիզինգով գնված ավտոմեքենաները չեն կարողանա հատել ՀՀ սահմանը

Լիզինգի տակ գտնվող ավտոմեքենաներին առաջիկայում կարող է արգելվել հատել ՀՀ սահմանը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը: 

Նրա խոսքով` նման արգելք այսօր գործող օրենսդրությամբ սահմանված չէ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում լիզինգատուների ու լիզինգառուների համար: Նոր կարգավորմը թույլ կտա նրանց ինքնուրույն լուծելու այդ հարցը: 


«Նախագծով սահմանվում է հայեցողական կարգավորում, այսինքն՝ կողմերն են որոշելու՝ լիզինգառուին թույլ տալով հատել ՀՀ սահմանը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ»,- ասաց Անդրեասյանը: 
Ըստ նախարարի` այս կարգավորումը նվազագույնի կհասցնի լիզինգի առարկա հանդիսացող ավտոմեքենայի կորստի ռիսկը: 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այսօր ՀՀ-ում կան դեպքեր, երբ լիզինգով գնված ավտոմեքենան դուրս է եկել ՀՀ-ից ու անհետացել, օրինակ՝ Վրաստանում վաճառվել է որպես պահեստամաս, պարտքերն էլ մնացել են չվճարված: 

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ այս կարգավորումը կպաշտպանի ոչ միայն լիզինգով ավտոմեքենա վաճառողի, այլև գնողի շահերը, քանի որ երաշխիքների սահմանումը կօգնի շուկայի ակտիվացմանը, անգամ տոկոսադրույքների նվազեցմանը:

Քաղաքականություն