«Ղազինյանի հարցը» կլուծվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի վերահսկել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: 

Նախագծով փոփոխություն է առաջարկվում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: 
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սա ընդդիմությանը վերապահված պաշտոնների զավթում է ընկալվում. 
«Եթե ուզում ենք հիմնարար լուծել այս հարցը, դուք էլ դեմ քվեարակեք նախագծին, իրար հետ քննարկենք ու լուծումներ գտնենք: Հակառակ դեպքում՝ կստացվի, որ պարզապես փոփոխություն է արվում այդ պաշտոնն ընդդիմությունից խլելու համար»,-ասաց Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ին: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, թե այս փոփոխությունը կատարվում է նրա համար, որպեսզի «խորհրդարանական ընդդիմությունը, չկարողանա քաղաքական շոուներ կազմակերպելով, փորձել խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը» 
«Պրն. Մինասյան, նորից նայեք «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարությունն այն մասին, որ մենք թեկնածու չեն առաջադրելու Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում և դրանից հետո անհիմն կհամարեք ձեր հայտարարությունը, որ ցանկանում ենք զավթել փոխնախագահի պաշտոնը »,-ասաց Հովհաննիսյանը: 

Նշենք, որ ՔՊ-ն ամեն կերպ ցանկանում է վերահսկել մասնավորապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը, որի համար «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ն 16 անգամ չի ընտրել նրան հանձնաժողովի նախագահի տեղակալ։ 

Նախագիծն ընդունվեց 68 կողմ և 33 դեմ ձայներով, նախագծին կողմ քվեարկեց նաև Արթուր Ղազինյանը:

Քաղաքականություն