Որոնք են «Օմիկրոն» շտամի ախտանշանները․ ԱՆ-ն մանրամասնում է

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Օմիկրոն» շտամի ախտանշանները։ 

Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ 

Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով»։ 

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում բավականին լավ է աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի, առողջապահության նախարարությունը կոչ է անում մեկ օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները:

Քաղաքականություն