Արցախում բնակվող հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց ճակատագիրը․ Ադրբեջանի վարչապետ

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն իր վերահսկողության տակ է առել ոչ միայն «բուֆերային գոտու տարածքը»՝ բաղկացած 7 շրջաններից, որոնցից երեքը հետ են վերադարձվել առանց մեկ կրակոցի, այլև Հադրութն ու Շուշին՝ հարակից տարածքներով։

Ասադովը նշել է նաև, որ ռուս խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող «Ադրբեջանի տարածքներում» բնակվող հայ բնակչությունը վաղ թե ուշ պետք է որոշի իր ճակատագիրը։

«Խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց ապագա ճակատագիրը։ Չնայած ներկայումս պետության ղեկավարի և կառավարության ուշադրությունն ուղղված է ազատագրված տարածքների վերականգնմանը, վերանորոգման-շինարարական աշխատանքների արագացմանը, սոցիալ-տնտեսական ծրագրերին»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։

 

Նա նաև նշել է, որ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ տարածքների քարտեզները կազմում են ընդամենը 25 տոկոս, ինչը բարդացնում է աշխատանքների վերականգնումը Ղարաբաղում։ 

«Ցավոք այն փաստը, որ Հայաստանը երկար ժամանակ հրաժարվում էր տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, իսկ այնուհետ տրամադրած քարտեզների ճշտությունը կազմում էր 25 տոկոս, էականորեն դանդաղեցրեց աշխատանքների վերականգնումը Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում»»,-նշել է Ադրբեջանի վարչապետը։

Նրա խոսքերով, այդ շրջանների քաղաքաների և գյուղերի վերականգնումը, ժամանակակից ինֆրաստրուկտուրաների ստեղծումը պետբյուջեի վրա կնստի 2․2 միլիարդ մանաթ (1․3 միլիարդ դոլար)։

Քաղաքականություն