
«Այդ անունը չլիներ, ուրիշ անուն լիներ, ի՞նչ տարբերություն». Թևան Պողոսյանը՝ Ռուբեն Ռուբինյանի նշանակման մասին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում գործող իշխանություններին ով էլ որ ներկայացնի, հնարավոր չէ, որ Հայաստանը կարողանա որևէ հայանպաստ գործընթաց տանել։
Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում հայկական կողմի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Այդ անունը չլիներ, ուրիշ անուն լիներ, ի՞նչ տարբերություն։ Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու։ Թուրքիայից ով էլ որ նստի, նայելու է՝ ո՞վ ա էս մարդը , չի՞ ասելու՝ «ա՛յ պարտված իշխանություն»։ Կարո՞ղ ա Թուրքիան հայտարարել է՝ «ես առանց նախապայմանների եմ բանակցում»։ Մերոնք ասում են՝ «էս մի բառը չկա, ուրեմն սենց չի»։ Ընդհանրապես այսօրվա դրությամբ հայ-թուրքական բանակցությունները որևէ արդյունք չեն տալու։ Պետք է ունենալ հզոր միջնորդ, ով որ ցանկացած բանակցություններից հետո պայմանավորվածությունները պահելու և երաշխավորելու խնդիր է ունենալու», - ընդգծեց Պողոսյանը։
«Նույնիսկ սկզբնական ժամանակներում, երբ որ հաղթանակած ենք եղել , Ցյուրիխում արձանագրություններ ստորագրվեցի՞ն առանց նախապայմանների։ Տեսաք, չէ՞, որ սկսեցին խոսալ-մոսալ, հետո ճնշման տակ, որովհետև միջնորդներ կային այդ պրոցեսի մեջ, ստիպեցին, որ գոնե այնտեղ
Թուրքիան ստորագրի առանց որևէ ելույթի։ Բայց միևնույն է, արդյունք չեղավ։ Հիմա պատկերացրեք՝ միջնորդներ չլինեն։ Մեզ հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ մի օր ասում են՝ բանավոր պայմանավորվածություն չի եղել, հետո՝ եղել է, հետո՝ ինչ-որ ըմբռնում է եղել, չգիտեմ՝ ինչ է եղել, հետո սենց չեն ասել, հետո Ալիևը հայտարարում է՝ միջանցք է լինելու, հետո հայտարարում է՝ սենց, հետո՝ նենց։ Հասկանալի է, չէ՞, ու նմանատիպ գործընթաց էլ հայ-թուրքական բանակցություններում է լինելու։ Ո՞վ է այն միջնորդը լինելու, որը գալու է, կանգնելու է հայկական շահի վրա, որ բանակցությունների սենյակում սենց թեմա է եղել», - հավելեց քաղաքագետը։
Թևան Պողոսյանը որպես ոչ այնքան արդյունավետ բանակցությունների օրինակ նշեց Ադրբեջանի հետ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունները։ «Հիմա որպես օրինակ վերցրեք Ռուսաստանի միջնորդությամբ փոխվարչապետների մակարդակով քննարկումները։ Սա էլ հո Ադրբեջանն է, Թուրքիայի մակարդակը չէ։ Հայաստանի իշխանություններն ասում են՝ «ոչ մի միջանցք չկա, միջանցքային տրամաբանություն չկա, էսի չկա, էսի չկա», բայց Ալիևը միջանցքից ա խոսում, մի հատ հլը նոր պայման ա բերել, չէ՞, ասում ա՝ «Լաչինի միջանցքի պես պետք ա լինի»։ Ադրբեջանի հետ գործընթացն այս վիճակում է, Թուրքիայի հետ ի՞նչ ենք անելու։ Այսօրվա դրությամբ հնարավոր չէ, որ Հայաստանը կարողանա որևէ հայանպաստ գործընթաց տանել, այն էլ՝ այս իշխանությունները», - եզրափակեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։