ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք նորից պնդում եք՝ մի խանգարեք, ինչ ուզում բանակցում ենք. Օհանյանը՝ իշխանությանը

«Իշխանությունն այսօր էլ չի անդրադառնում այդքան կարևոր սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներին». «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանում ներկայացրեց «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին հայտարարության» նախագիծը։ 

Օհանյանը ելույթում նշեց, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժումը, միակողմանի սահմանազատման և սահմանագծման գործողությունները, ՀՀ ինքնիշխանության կորստի և Արցախի՝ իր իսկ պատմական տարածքում միջազգային իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ սպառնալիք է։ 

«Եվ ակնհայտ է, որ ինչպես պատերազմից հետո, իշխանությունն ունենալով ամբողջ գործիքակազմը՝ գնահատական տալու ստեղծված իրավիճակին և իր իսկ թիմի գործունեությանը, այսօր էլ չի անդրադառնում այդքան կարևոր սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներին՝ ամեն կերպ, ամեն ինչ անելով, որ փակ քննարկում կազմակերպվի և դրա ընթացքում ներկայացված խմբագրված հայտարարության տարբերակին նոր առաջարկություն չտալով դեմ քվեարկեց»։ 

Օհանյանը նշեց, որ զգայուն հարցը պետք է բաց քննարկվի և իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում, հակառակ հաշվետու լինելու խոստմանը, պատճառաբանելով, թե ինչ ուզում, այն էլ բանակցում են։ 

«Պարտություն և կապիտուլյացիոն հայտարարություն։ Պատերազմը կանգնեցնելուց հետո զորքի բանավոր հետքաշումը, ռազմավարական բարձունքների, ճանապարհների հանձնման և մաքսակետերի տեղադրման շարունակական տրամաբանության մեջ է։ Այսինքն՝ պայմանավորվածությունների մասին իմանում ենք կատարված փաստերից հետո։ Պարտությունից հետո հաղթանակած կողմը պարտված կողմի վրա արտաքին ճնշումները սաստկացնում է»։ 

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ խորհրդարանական կառավարման առավելույթունները պետք է օգտագործեն, որ ժողովրդի, ազգային ու պետական շահերին հակառակ և՛ ճնշումներ, և՛ պայմանավորվածություններ չլինեն և իշխանությունը ինքը պետք է ընդդիմադիր ուժերի գործիքակազմին դիմի՝ նման երևույթները կանխարգելելու համար։ Գործադիրը պետք է խորհրդարանում հաշվետու լինի։ 

Օհանյանը փաստեց, որ ընդդիմությունը շատ հարցերից տեղյակ չի լինում, հատկապես անվտանգության խորհրդի նիստերից, միաժամանակ, գրավոր և բանավոր համաձայնությունները շարունակվում են։ 

«Դուք նորից պնդում եք՝ մի խանգարեք, ինչ ուզում բանակցում ենք։ Կասկածները հանրության մոտ խորանում են և սա իսկականից բերում է անվստահության»։ 

Օհանյանը նշեց, որ պահանջում են գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային, բոլոր պայմանավորվածությունները կատարել ՀՀ-ում գործող օրենսդրական ընթացակարգերի համարձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին և նաև պետության անվտանգության, ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով։ Պահանջում են նաև բանակը վերականգնել, սահմաններն ամրապնդել և բարելավել, կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները։

Քաղաքականություն