Սլովենիայում ՍԴ-ն հակաօրինական է ճանաչել Covid-19-ի դեմ պետաշխատողների պարտադիր պատվաստման վերաբերյալ որոշումը

Սլովենիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է կորոնավիրուսի դեմ երկրի պետաշխատողների պարտադիր պատվաստման մասին որոշման սահմանադրականության վերաբերյալ վճիռը:  Այս մասին հայտնում է swissinfo-ն՝ հղում անելով եվրոպական լրատվամիջոցներին:

 

Այսպիսով, Սլովենիայի Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ  պետական ​​աշխատողների՝ COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին որոշումն անօրինական է։ Ըստ սլովենական ՍԴ-ի՝ այս միջոցառման իրականացման համար նախ անհրաժեշտ է փոփոխել ինֆեկցիոն հիվանդությունների մասին օրենքը։
 

Սեպտեմբերին Սլովենիայի իշխանությունները հայտարարեցին, որ պատվաստումները պարտադիր կդառնան պետական ​​բոլոր աշխատողների համար: 
Նախատեսվում էր, որ բոլոր պետաշխատողները դեղանյութի առաջին չափաբաժինը կստանան մինչև հոկտեմբերի 1-ը, իսկ երկրորդը՝ մեկ ամիս անց։

Այդ որոշումը մայրաքաղաք Լյուբլյանայում փողոցային զանգվածային անկարգությունների պատճառ դարձավ, ինչից հետո Սահմանադրական դատարանը արգելափակեց այդ միջոցի կիրառումը՝ մինչև դրա օրինականության պարզումը:

 

Համավարակի ողջ ընթացքում Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 430 հազար դեպք և հիվանդության հետևանքով մահերի մոտ 5,3 հազար դեպք։ Բնակչության մոտ 55%-ը ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժինները։

Քաղաքականություն