Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. ինչո՞ւմ է մեղադրվում

Մյանմարի նախկին պետական խորհրդական,  Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1991թ.) Աուն Սան Սու Չժին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ սադրանքի և Covid-ի սահմանափակումները խախտելու համար, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Աուն Սան Սու Չժին պաշտոնանկ է արվել փետրվարին  ռազմական հեղաշրջումից հետո:

76-ամյա քաղաքական գործչին մեղադրել են մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ «Պաշտոնական գաղտնիքների մասին» օրենքի խախտման համար: Նրա փաստաբանը նախկինում այդ մեղադրանքները որակել էր որպես «անհեթեթ»:

Հաղորդվում է, որ սադրանքի վերաբերյալ գործը կենտրոնացած է փետրվարյան հեղաշրջումից հետո առցանց հրապարակված հայտարարության վրա, որում Աուն Սան Սու Չժին կոչ էր անում միջազգային կազմակերպություններին չհամագործակցել իշխանությունը զավթած խունտայի հետ: 

Ըստ երկրորդ մեղադրանքի՝ նա խախտել է կորոնավիրուսային սահմանափակումների կանոնները նախորդ տարվա ընտրություններից առաջ քարոզարշավ իրականացնելու ժամանակ:

 

Քաղաքականություն