Համատարած կալանավորում են նրանց, ում դեմ հարուցված քրգործերով իշխանությունը հետաքրքրված է. Ալեքսանյան

 Ընդդիմադիրների հանդեպ քաղաքական հետապնդումները ոչ միայն շարունակվում են, այլև նոր թափ են առել։ Ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի և պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։  Այս մասին գրում է Sputnik-ը: Նրա խոսքով` ինչպես Առուշանյանի, այնպես էլ Չարչյանի դեմ հարուցված քրգործերը քաղաքական իշխանության ուշադրության ներքո են։

 

«Իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում ոչ միայն քրգործերին, այլ նաև հենց այդ անձանց են անդրադառնում։ Հարց է առաջանում` իշխանության ներկայացուցիչներն արդյո՞ք իրավունք ունեն այս կամ այն քրգործի առնչությամբ հայտարարություններ անել, կարո՞ղ են այս կամ այն քրգործի հանդեպ որոշակի ակնկալիքներ ունենալ։ Պատասխանն ակնհայտ է` բնականաբար, ոչ»,–ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով` համատարած կալանավորում են նրանց, ում դեմ հարուցված քրգործերով իշխանությունը հետաքրքրված է։ Օրինակ, Առուշանյանի դեմ հարուցված քրգործով նա կալանավորված է մեկ անձի ցուցմունքի հիման վրա. Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի մասին է խոսքը։ Ավելի ուշ չնայած Ավետյանն ասաց, որ սուտ ցուցմունք է տվել, սակայն Առուշանյանը շարունակում է կալանքի տակ մնալ։

 

Ալեքսանյանը նշեց` այն, որ Առուշանյանը շարունակում է մնալ կալանքի տակ, ապացուցում է, որ դատախազությունը հավատարիմ է մնում իր` իշխանությանը ծառայելու առաքելությանը։

Դատական իշխանությունը, ըստ նրա, նույնպես շարունակում է այդ գործը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Չարչյանի դեմ քրգործին, ապա այն, ըստ Ալեքսանյանի, մինչ օրս արհեստականորեն ձգձգվում է։ Փաստաբանի խոսքով` Չարչյանը 100-ից ավելի միավոր ինսուլին է ստանում, սակայն շարունակում է կալանքի տակ մնալ։ Ալեքսանյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս գործերը չորակել որպես քաղաքական հետապնդում, ուղղակի միամտություն է։

Քաղաքականություն