Նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել․ Անահիտ Ավանեսյան
Բարեբախտաբար արձանագրում ենք, որ ունենք դրական դեպքերի նվազում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեկ գրանցվել է 189 դրական դեպք՝ իրականացված թեստավորումների թիվը կազմել է 4172։ Ցավոք սրտի գրանցվել է 21 մահ։ Մենք բոլորս գիտենք, որ քովիդով պայմանավորված ալիքի նվազման ժամանակ մահերի ցուցանիշների նվազումը տեղի է ունենում 2-3 շաբաթ անց։ Մեր գնահատականներով՝ առաջիկայում կունենանք նաև ցավալիորեն մահվան դեպքերի արձանագրված նվազում»,- ասաց նախարարը։
Խոսելով Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերջերս հայտնաբերված քովիդի նոր ենթատեսակի՝ «Օմիկրոն»-ի մասին՝ նախարարը նշեց, որ այդ ենթատեսակի մուտացման աստիճանը բավականին մեծ է։
«Ցավոք սրտի՝ 50 մուտացիա է կրում տվյալ վարակը, որից 30-ը վերաբերում է սպայկայի սպիտակուցին, ինչը այս պահին, իհարկե, մանրակրիտ ուսումնասիրության առարկա է հանդիսանում, և մի շարք երկրներում և նաև ԱՀԿ-ն ուսումնասիրում են՝ հասկանալու համար, թե բացի տարածման ակտիվությունից այլ ինչ առանձնահատկություններ ունի այս նոր գրանցված շտամը։ Մենք այսօր հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին և նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար»,- ասաց Ավանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ ասուլիսից հետո լինելու է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կքննարկվեն նախարարության ներկայացրած առաջարկությունները, իսկ մինչև օրվա վերջ կլինի հստակ սահմանափակումների կազմը։
«Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք է Հարավաֆրիկայի Հանրապետություն, Բոցվանայի Հանրապետություն, Լեսոտոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկի հանրապետություն, Մադագասկար և Տանզանիա. այս երկրների քաղաքացիների ժամանակավոր մուտքը ՀՀ սահմանափակելու մասին»,- հայտարարեց նախարարը։
Նա նաև ներկայացրեց պատվաստումների՝ այս պահին առկա ցուցանիշները։