Շտապ գնում էր․ նոր մանրամասներ՝ ԱԺ նախագահի համար գնած թանկարժեք մեքենայի մասին

Hraparak.am-ը գրում է․ «Երեկ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց այն լուրը, որ կառավարությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերել։ Այդ նպատակով ԱԺ տնտեսումների բյուջեից կհատկացվի 90 մլն դրամ, որպեսզի առանց մրցույթի՝ մեկ անձից գնման կարգով, BMW-ի պաշտոնական ներկայացուցիչ «Եվրոմոթորս» ընկերության ավտոսրահից գնեն ներկայացուցչական դասի 7-րդ սերնդի BMW մակնիշի ավտոմեքենա, ամբողջական մոդիֆիկացիան՝ BMW 750 Li xDrive LCI։ Այսինքն՝ մեքենան լիաքարշակ շասսիով եւ երկարացված անիվային բազայով (Long) տարբերակն է։


Նշենք, որ մինչ այս ԱԺ նախագահին դեռեւս Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահ լինելու տարիներից, սպասարկում էր 2011 թվականի արտադրության նույն BMW 750 Li մակնիշի ավտոմեքենա։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ նախագահին սպասարկող 2011 թ․ արտադրության BMW 750Li ծառայողական մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար, եւ դրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումներն այլեւս արդյունավետ ու նպատակահարմար չեն։

Բայց հանրությանն այս մանրամասները չեն հետաքրքրում։ Երեկվանից համացանցում քննադատում էին ԱԺ նախագահի համար նոր շքեղ ու թանկարժեք ավտոմեքենա ձեռք բերելու որոշումը՝ հիշեցնելով, որ այդ գումարով կարելի էր սահմանները կահավորել, վրաններ ձեռք բերել, սահմանամերձ գյուղերի համար մեքենաներ գնել կամ սոցիալական խնդիրներ լուծել։ Նաեւ զուգահեռներ էին անցկացնում, որ նույն օրը կառավարությունը մերժեց թոշակները բարձրացնելու վերաբերյալ ընդդիմության առաջարկը, փոխարենը հավանություն տվեց ԱԺ նախագահին 90 մլն դրամ (ավելի ստույգ՝ 185 հազար դոլար) արժողությամբ ծառայողական մեքենա գնելու առաջարկին։

 

Հանրության ցասումն ու դժգոհությունը բարոյական առումով արդար են եւ ընկալելի։ Հատկապես, որ ժողովրդին երեք տարվա ընթացքում ցավ ու դժբախտություն պատճառած, երկրում բազմաթիվ ավերածություններ առաջացրած քաղաքական ուժը երեք տարի առաջ լրիվ այլ, այդ թվում՝ «պադավատապետությանը» վերջ տալու խոստումներով էր գալիս իշխանության։ Բայց եկած-չեկած՝ սկսեցին իրենց «պադավատները» թարմացնել՝ պատճառաբանելով, թե նախկիններից իրենց ժառանգություն մնացած մեքենաները հին են, մաշված ու ծախսատար։ ԱԺ նախագահի համար նոր մեքենա գնելն էլ են դրանով բացատրում, որ եղածն արդեն հին էր, խնդիրներ էր առաջացնում, հաճախակի խափանվում էր, իսկ նորոգելը բյուջեի վրա մեծ ծախս էր նստում։

 

Օրինակ՝ մեզ ասացին, որ վերջերս խափանված է եղել այդ BMW-ի փոխանցման տուփը, ինչը նորոգելու համար BMW-ի տեխսպասարկման կենտրոնում ավելի քան 3 մլն դրամ գումար են պահանջել։ ԱԺ-ն հրաժարվել է այդ գնով նորոգել եւ գտել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ ԱԺ նախագահին սպասարկող մեքենայի փոխանցման տուփը նորոգել են մոտ 900 հազար դրամով։ Դրանից հետո, սակայն, խափանվել է տվյալ BMW-ի շարժիչի տուրբոներմղման համակարգը։ Ի վերջո, որոշել են այն դուրս գրել՝ հանձնելով Պետգույքի կառավարման կոմիտեին, որպեսզի վերջինս հանի աճուրդի, եւ նորը ձեռք բերեն, որպեսզի մի քանի տարի գոնե ծախս չառաջացնի։

 

ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մեր հարցին, թե ինչու են որոշել առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման կարգով ձեռք բերել մեքենան, ասաց՝ շտապ գնում էր, այլ տարբերակ չունեին, քանզի ԱԺ նախագահին սպասարկող մեքենա փաստացի չկար այս պահին։ Թեեւ, նկատենք, ԱԺ ավտոպարկում ԱԺ նախագահին սպասարկող եւս մեկ ավտոմեքենա կա՝ Toyota Land Cruiser 200 ամենագնացը, որը նույնպես 10 տարվա հնության է, եւ այն եւս մաշվել է։ Բացի այդ, տվյալ ամենագնացն ավելի շատ մարզային այցելությունների համար է օգտագործվում։
Ի դեպ, մրցույթ հայտարարելու համար առանձնապես շատ տարբերակներ չունեին, իրականում։

Քանի որ ԱԺ նախագահին ի պաշտոնե ներկայացուցչական դասի ավտոմեքենա է հասնում, դրա համար պետք էր նմանատիպ ավտոմեքենա փնտրել լյուքս դասի սեդաններ արտադրող ընկերությունների ավտոսրահներում։ Իսկ ներկայացուցչական դասի սեդաններ այսօր Հայաստանում վաճառվում են ընդամենը երեք-չորս ընկերությունների ավտոսրահում՝ BMW-ի, Mercedes-Benz-ի, Audi-ի եւ Lexus-ի, համապատասխանաբար՝ BMW 7-Series, Mercedes-Benz S-Class, Audi A8 եւ Lexus LS։ Կա նաեւ Banetley-ն՝ իր Flying Spur եւ Мulsanne մոդելներով, բայց դրանք արդեն ուլտրաշքեղ դասի սեդաններ են՝ շատ բարձր արժեքով։

 

Հայաստանում ներկայացուցչական դասի մոդելների հարցում հիմնականում օգտվում են Mercedes-ի եւ BMW-ի համապատասխան մոդելներից, շատ քիչ՝ նաեւ Audi-ից եւ Lexus-ից:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը մեզ ասաց, որ ԱԺ նախագահի համար նախ դիտարկել են  Mercedes S-Class ձեռք բերելու հարցը, սակայն Mercedes-ի հայաստանյան ներկայացուցչությունում նախ առկա մեքենա չի եղել, եւ պետք էր հարցում ուղարկել Գերմանիա ու նոր մեքենա պատվիրել, բացի այդ՝ Mercedes-ն ավելի թանկ է եղել։ Audi չեն ցանկացել գնել, քանի որ այն լավ մեքենա է, բայց մի քիչ ավելի շատ ծախսատար՝ համեմատած մրցակից մյուս մակնիշների հետ։ Lexus չեն դիտարկել՝ չի բացառվում նաեւ այն պատճառով, որ Lexus-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն պատկանող «Տոյոտա Երեւան» ընկերությունն է, Իսկ «Եվրոմոթորսի» հետ ի սկզբանե ԱԺ-ն ունեցել է պայմանագիր, ուստի «ստիպված» գնացել ու մեկ անձից գնման կարգով BMW 750 են ձեռք բերել։

 

Նշենք, որ «Եվրոմոթորս» ընկերությունը, որ տարիներ ի վեր հանդիսանում է Հայաստանում գերմանական BMW ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, ի սկզբանե պատկանում էր Հայրապետյան եղբայրներին, սակայն մի քանի տարի է՝ այն ձեռք է բերել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Եվ ԱԺ աշխատակազմը որոշել է մեկ անձից գնման կարգով հենց այս ավտոսրահից այս մակնիշի մեքենա ձեռք բերել։

«Եվրոմոթորսում», ի դեպ, այս պահին եզակի առաջարկ է գործում՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը BMW-ի տարբեր մոդելներ կարելի է ձեռք բերել մինչեւ 44 տոկոս զեղչով։ Մենք փորձեցինք «Եվրոմոթորս» ընկերությունից ճշտել՝ այս մեքենան իսկապե՞ս այս գնով է վաճառվել, կամ վերը նշված այդ 44 տոկոս զեղչը գործե՞լ է դրա վրա, թե՞ ոչ։ Ընկերությունից, սակայն, մեզ ասացին, որ կոմերցիոն գաղտնիք է, չեն կարող գնման մանրամասները հրապարակել։ Բայց տեղեկացանք, որ նկատելիորեն ավելի ցածր գնով են ձեռք բերել, այսինքն՝ հատուկ զեղչ են արել ԱԺ նախագահի համար։ Իսկ BMW 750-ի չզեղչված գինն այս պահին 107 մլն դրամ է։ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց՝ ավտոմեքենան զրահապատ չէ, սովորական տարբերակն է, եւ դեռ ձեռք չեն բերել՝ հավանաբար մյուս շաբաթ կգնեն»։ 

Քաղաքականություն