ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արդյոք դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով կլինի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան
Այսօր տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց այն մասին, թե դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքների ավարտից հետո արդյոք այն դրվելու է սահմանադրական հանրաքվեի:
Վարչապետը թեև նշեց, որ վերջնական փաստաթուղթը՝ պայմանագիրը, որը կստորագրվի, պետք է վավերացվի խորհրդարանների կողմից, սակայն այնուամենայնիվ չպատասխանեց, թե արդյոք հարցը կդրվի հանրաքվեի, թե ոչ:
Հարցին, թե եթե Հայաստանը գնում է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, արդյոք դա չի նշանակի հրաժարում Արցախից եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ներառյալ Արցախի տարածքը, Փաշինյանը պատասխանեց. «Երբ 1991-ին անկախացել են մեր երկրները, փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են: Այն ժամանակ դա նշանակե՞լ է, որ Արցախի իրավունքներից Հայաստանը հրաժարվում է: Դեմարկացիան եւ դելիմիտացիան պրոցես է եւ Հայաստանը պետք է իր շահերը այդտեղ պաշտպանի: Ընդհանրապես ՀՀ ասելով մենք պետք է հասկանանք ոչ թե մի ամորֆ բան, որը սահման չունի, պետք է հասկանանք շատ կոնկրետ տարածք: Սա է մեր ինքնիշխանությունը պաշտպանելու անկյունաքարային երաշխիքը: