Սյունիքում շրջափակման մեջ գյուղեր կա՞ն. Փաշինյանն անդրադարձավ պնդումներին
Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցումն ըստ էության չպլանավորված աշխատանք է, բայց մենք անում ենք։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ ընթացքի մեջ է Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը։
«Պարբերաբար սոցցանցերում և մամուլում տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։
Ունե՞նք գյուղեր, որոնք շրջափակման մեջ են գտնվում։ Եթե չունենք նման գյուղեր, որտեղի՞ց է այդ տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում և սոցցանցերում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՏԿԵ նախարարն ասաց, որ ունենք 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսվում է։ Դրանցից մեկը Տաթև-Աղվանին է, որը նախարարի խոսքով երթևեկելի է և նորմալ։
«Նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում։ Հիմա երկու շերտն է տեղադրված։ Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, երրորդ շերտը կտեղադրվի։ Մյուս 6 հատվածներում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այդ 6 հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որն 9.5 կմ է։ Ճանապարհի մի մասը մոտ 3.5-4 կմ է, իսկ մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհի անցանելիության կարգավորման և անհրաժեշտության դեպքում նաև խճապատման աշխատանքներ»,-ասաց նախարարը։
Գնել Սանոսյանը նշեց, որ Տանձավեր-Շուռնուխ ճանապարհի մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, և աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նախարարի խոսքով Շուռնուխ գյուղն առնվազն երկու ճանապարհ ունի, մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը նորմալ գործում է, և հայրենակիցները կարող են երթևեկել, իսկ մյուսը Շուռնուխ-Բարձրավան։
Որոտան-Խոտ 10 կմ ճանապարհի 5 կմ-ի հիմքն ամբողջովին երթևեկության համար պատրաստ է։ Կապան-Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքներն արդեն սկսվել են, երեկ մեկնարկել են արդեն խճապատման աշխատանքները։ Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ դրան զուգահեռ կկառուցեն նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ իրենց ծրագիրն այն է, որ այդ բոլոր ուղղություններով օր առաջ ունենանք գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար։ Վարչապետն ընդգծեց, որ չկա բնակավայր, որը կտրված կամ շրջափակման մեջ լինի։