Սուրեն Պապիկյանի ազգականը՝ փոխքաղաքապետ

Գյումրիի ավագանու արտահերթ նիստի ընթացքում այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավագանու ներկա անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին (որպես առաջին տեղակալ) եւ 39-ամյա Դավիթ Առուշանյանին։ Այս մասին հայտնում է News.am-ը։

Որոշման նախագծին դեմ քվեարկեցին «Ապրելու երկիր» եւ «Զարթոնք» ազգային քրիստոնեական խմբակցությունների ներկա 5 անդամները, ձեռնպահ արտահայտվեցին Հայաստանի հանրապետական կուսակցության երկու անդամները։

Կողմ քվեարկեցին «Քաղաքացիական կուսակցության» եւ «Բալասանյան դաշինք» սոցիալական խմբակցության ավագանու ներկա անդամները։

Նշենք, որ Արթուր Պապիկյանը օրերս Պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է։

Երկրորդ փոխքաղաքապետը, ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, պարտադիր չէ լինի ավագանու կազմից։ Ավագանին ընտրել է  Դավիթ Առուշանյանին, վերջինս ՔՊ-ական է, Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է որպես ՔՊ-ի թեկնածու։

Հիշեցնենք, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո «Բալասանյան» դաշինքը, որը ստացել էր ձայների մեծամասնությունը համագործակցության հուշագիր ստորագրեց ՔՊ-ի հետ։ Քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան» դաշինքից Վարդգես Սամսոնյանը, իսկ ահա փոխքաղաքապետեր՝ ՔՊ-ից։