
Տեղ համայնքի բնակիչը նշում է, թե ինչպես է պետք խելոքացնել. «Փաստինֆո»

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում նախօրեին սահմանային լարվածության մասին լսելուն պես կամավորները պատրաստվածության են եկել՝ պատրաստ ամեն հնարավոր սցենարի։ Գյուղերի դիրքերում ևս բանակը պատրաստ էր։ Համայնքի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ բոլորը զգոն էին։
«Եթե ինչ -որ տեղ էսկալացիա է լինում, բոլոր դիրքերում էլ լարվածություն է լինում, դրա համար բոլորն էլ պետք է զգոն լինեն։ Բնակչությունն էլ է զգոն եղել, դիրքերում էլ։ Այս պահին նորմալ է։ Նոր անցա այն դիրքերի մոտով, որ երեկվա դեպքերն են եղել՝ խախանդ է»։
Տեղ համայնքի վարչական տարածքում՝ Խոզնավարից մինչև Կոռնիձոր փոխհրաձգություն չի եղել։ 44-օրյա պատերազմից հետո լարվածությունը, ըստ Տեղի բնակչի, ունի նպատակ առաջ քաշել «միջանցքային տրամաբանություն» և վերահսկել գլխավոր մայրուղիները։
«Երևի իրենց համար չլուծված հարցեր ունեն, փորձում են հասնել նպատակին, իսկ թե ինչքանով մենք, ժողովուրդը, կառավարությունը դրան կգնան, չեմ կարող ասել»,- ասել է համայնքի բնակիչը։
Զրուցակցի դիտարկմամբ՝ լարվածությունը սպասելի էր, ավելին՝ կարծում է, որ կրկին լինելու են նմանատիպ ծանր լարվածության դեպքեր։
«Թուրքին պիտի ատամ ցույց տաս։ Ինքը դրան սովոր է, երբ ցույց ես տալիս մի բան, ինքն արդեն խելոքանում է, իսկ երբ ինքը քեզ խեղճացած վիճակում է տեսնում, ամեն ինչ էլ ուզելու է՝ իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»։
Երբ Սիսիանի չորս մարտական հենակետերից հայ զինծառայողները նահանջեցին, հաջորդ օրը վարչապետի հրամանով նշանակվեց նոր պաշտպանության նախարար, որը բանակաշինության հետ կապ չունի։ Բնակիչը կարծում է՝ կլինեին ավելի փորձառուները։
«Ես ռազմական փորձագետ չեմ, չեմ կարող ասել ո՞ւր է գնում բանակը։ Մեր գեներալիտետի շարքերում կան բազմափորձ գեներալներ, որոնք կարող են ավելի պրոֆեսիոնալ ձևով ղեկավարեն բանակը, դա իմ կարծիքն է, չգիտեմ վերևներում ինչ են մտածում»։