ՀՀ պատվաստված քաղաքացիների համար նոր ուղղություն. անարգել կարող են մուտք գործել
Ամբողջությամբ պատվաստված ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել ու առանց լրացուցիչ ճամփորդական կանոնների մուտք գործել Շվեդիա։ Այս մասին տեղեկանում ենք schengenvisainfo.com կայքից։
«Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությունում:
Կայքը հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին:
Հայաստանը բոլորովին վերջերս է միացել ԵՄ COVID-19 սերտիֆիկատների թվային համակարգին, ինչը նշանակում է, որ երկրում տրված պատվաստումների սերտիֆիկատները ճանաչվում են նույն պայմաններով, ինչ անդամ պետությունների կողմից տրված սերտիֆիկատները:
Այնուամենայնիվ, հայաստանցի ճանապարհորդներին անհրաժեշտ է ապացուցել, որ նրանք պատվաստվել են հենց այն պատվաստանյութով, որը Շվեդիան ընդունում է ճանապարհորդությունների համար։






























