
Անկարան մտադիր է երկարաձգել թուրք զինվորականների գտնվելու ժամկետը Ադրբեջանում

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու երկարաձգման հարցը։
Ըստ Anadolu-ի՝ Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխող խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի խնդիրների լուծմամբ։
«Անցյալ տարի խորհրդարանում Ադրբեջանի մասին օրինագիծը պաշտպանել են բոլոր կուսակցությունները, բացառությամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP): Հուսով եմ, որ այս տարի փաստաթուղթը կաջակցվի բոլոր կողմերի կողմից, և մենք կկարողանանք ընդգծել, որ Թուրքիան, նրա բանակը, անվտանգության ուժերը և պետությունը մեր ադրբեջանցի եղբայրների կողքին են»,- ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու առաջարկը հավանության է արժանացել 2020 թվականի նոյեմբերի 17-ին` Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում։ Ենթադրվում է, որ այս տարի փաստաթուղթը կերկարաձգվի եւս մեկ տարով։