Ես ցավում եմ, որ իմ աշխատավարձն ավելի բարձր է, քան բժշկինը. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է աշխատավարձի 90-120 տոկոս հավելավճար տրամադրել գլխավոր դատախազին եւ նրա չորս տեղակալներին։ Նախարարությունն այս նախագիծը հիմնավորում է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմամբ։

 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, երեկ Hrparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց․ 

 

«Ուրեմն հակակոռուպցիոն համակարգ ենք ստեղծում՝ հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան։ Մեջտեղի օղակը հակակոռուպցիոն օղակը համակարգող դատախազության վարչությունն է լինելու։ Կոմիտեի քննիչը եւ դատավորն ավելի շատ փող են ստանում, քան իրենց համակարգի քննիչներն ու դատավորները։ Էդպես է նախատեսված նաեւ միջազգային փորձագիտական եզրակացություններում, որ էս ոլորտն ավելի վտանգավոր է, ավելի բարդ է, ռիսկային է, էստեղ աշխատակիցները պիտի ավելի շատ վարձատրվեն»։ 

Այնուհետեւ ավելացրեց, որ այս թեմայով նույնիսկ Սահմանադրական դատարանում վեճ է եղել՝ չէին ստորագրում հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, եւ ՍԴ-ն համարել է, որ հակակոռուպցիոն դատավորները պետք է ավելի շատ ստանան, քան մյուս դատավորները։

«Եվ էս համակարգի մեջ, ուզած-չուզած, գնում ենք էս տրամաբանությամբ։ Սա տրված է ինձ՝ որպես համակարգային լուծում, նաեւ մեր բազմաթիվ միջազգային փորձագետների հորդորով։ Հիմա էս լուծման մեջ ստացվում էր, որ պետք էր անպայման նաեւ դատախազը նույն տրամաբանությամբ աշխատեր, ինչ որ դատավորն ու քննիչը։ Երբ որ մենք դա արել էինք, ստացվել էր էսպես․ դատախազության վարչության պետն ու դատախազն ավելի շատ են ստանում, քան գլխավոր դատախազն ու իր տեղակալները։ Եվ մենք փորձեցինք հասարակության առաջ դնենք էս հարցադրումը, թե ո՞նց անենք՝ բոլոր մարմիններինն իջեցնե՞նք, թե՞ էդ չորս մարդունը բարձրացնենք։ Հասարակության պատասխանից էնպիսի տպավորություն է, որ բոլորն ասում են՝ թող հակակոռուպցիոն համակարգը թեկուզ մի չորս տարի էլ չգա, միայն թե չորս մարդու աշխատավարձը չբարձրացնենք»,- ասաց դատախազների աշխատավարձով մտահոգ նախարարը։

 

- Հասարակությունն ովքե՞ր են։

- Հասարակությունը լրագրողներն էին, ինձ էլ նոր Ձեր գործընկեր Նարեկն ասում էր՝ ես խոսում եմ քաղհասարակության եւ հասարակության անունից։ Եվ Նարեկն ինձ ասում էր, որ քաղհասարակությունը գտնում է, որ էդ չորս մարդը չպիտի ստանան բարձր աշխատավարձ։

- Ես էլ եմ համաձայն․ ավելի լավ է՝ իջեցրեք մյուսների աշխատավարձը, որովհետեւ, երբ որ տեսնում ենք, օրինակ, որ շտապօգնության վարորդների, բժիշկների աշխատավարձը շատ ցածր է, բարոյապես չի ընկալվում դա։

- Ես էլ շատ ցավում եմ դրա համար, ես նույնիսկ ցավում եմ, որ իմ աշխատավարձն ավելի բարձր է, քան բժշկինը։

- Բայց շարքային «Պողոսը» դա չի հասկանա:

- Ինձ «շարքային Պողոս» մի ասեք, ինձ համար չկան շարքային ու ոչ շարքային պողոսներ կամ պետրոսներ, ինձ համար կան բոլոր մարդիկ։ Ես՝ ինքս էլ շատ ցավոտ եմ տանում, որ իմ աշխատավարձը կարող է բժշկից կամ ուսուցչից բարձր լինել։ Բայց նաեւ շատ դժվար է գտնել նախարարի տեղակալ, որը ստանում է մասնավորում հինգ անգամ ավել, եւ մի կերպ համոզում-խնդրում ես, որ գա աշխատի նախարարի տեղակալ։

- Արդարադատության նախարարության բյուջեն 2022-ի համար ավելացե՞լ է, թե՞ նվազել եւ որքա՞ն է կազմելու։

- Շատ չնչին, համարյա չի ավելացել, իսկ որոշ տեղերում պակասել է։ Եթե թվային տեսքով տեսնեք, կասեք՝ վայ, ավելացել է, բայց չի ավելացել։ Ուղղակի մենք ունենք ԵՄ դրամաշնորհ, որը միայն հենց արդարադատության ոլորտի բարեփոխումների համար է նախատեսված։

- Իսկ այն, որ երկու քրեակատարողական հիմնարկ փակվեց՝ «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ները, այստեղ ֆինանսական միջոցների խնայողություն լինելո՞ւ է։

- Այ, էդտեղ մենք խնայելու ենք էդ գումարները, մի մասը վերադարձնելու ենք բյուջե, մյուս մասն օգտագործելու ենք մեր այլ կարիքների համար։

- Այդ ՔԿՀ-ների դատապարտյալներն ու աշխատակիցներն ո՞ւր են տեղափոխվելու։

- Կալանավորներն ու դատապարտյալները կտեղափոխվեն այլ քրեակատարողական հիմնարկներ, մենք բազմաթիվ ազատ տեղեր ունենք, հետեւաբար, խնդիր չի լինի էդ մասով։ Իսկ աշխատողների մի մասը կտեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ, մի մասը կարող է ստանալ, օրինակ, պրոբացիայում աշխատելու հնարավորություն, որովհետեւ էդ հաստիքներից որոշ մասը գնալու է պրոբացիա, մի մասն էլ կմնա ռեզերվում, մինչեւ տեսնենք։

- Պրոբացիայի ինստիտուտը հիմա նորմալ գործո՞ւմ է։

- Մեր լավագույն ինստիտուտներից է, բայց դեռ շատ անելիքներ կան։

- Այս պահին շահառուները քանի՞սն են։

- Շահառուները շատ-շատ են, կարծեմ՝ 3 հազար հոգի են, եթե թիվը չեմ սխալվում, եւ մեր ամենալավ կառույցներից է, որովհետեւ ամենաբարի գործն է անում։

 

Քաղաքականություն