Քաղաքականություն

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից պատասխան չեն ստացել

Unknown 410 դիտում
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից պատասխան չեն ստացել

Ադրբեջանը հետկոնֆլիկտային փուլում հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի շարք առաջարկություններով, սակայն մինչ օրս Երևանից պատասխան չի ստացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող «Աշխարհը COVID-19-ից հետո» ֆորումի ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։ «Ադրբեջանը Հայաստանին մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ սկսել խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը, քանի որ մենք մտադիր ենք խոսել խաղաղության, ոչ թե պատերազմի մասին։ Սակայն, ցավոք, այդ առաջարկը դեռ անպատասխան է մնացել»,- ասել է Ալիևը։ Նա կրկին հնչեցրել է ադրբեջանական թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։ 

 

Ըստ Ալիևի՝ Ադրեջանն առաջարկել է Հայաստանի հետ սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա սկսել, որպեսզի ապահովվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ «Այդ ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, սակայն այդ հարցը դեռ լուծում չի գտել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը, իբր, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում «առավելագույնս կառուցողական է, և իրավիճակի հետագա զարգացումը կախված է Հայաստանի դիրքորոշումից»։ «Մեր դիրքորոշումը միանշանակ պարզ է։ Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցություններ սկսել և խաղաղության պայմանագիր ստորագրել։ Մենք ցանկանում ենք այդ էջը փակել ու սահմանները որոշել, սակայն, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա։ Կարելի է ասել, որ մի ամբողջ տարի նրանք լռություն են պահպանում։ Կարծում եմ՝ նրանք չեն կարող դիմադրել Ադրբեջանի կառուցողական դիրքորոշմանը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ 

 

Նշենք, որ Հայաստանի բազմիցս է հայտարարել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի իրականացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, որին Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում։
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250