
Հոլիվուդյան օպերատորները պահանջել են արգելել իրական զենքի կիրառումը նկարահանումների ժամանակ

Rust ֆիլմի օպերատոր Գալինա Հաթչինսի մահից հետո ավելի քան 200 օպերատորներ պահանջել են արգելել իրական զենքի կիրառումը նկարահանումների ընթացքում։ Նրա գործընկերները բաց նամակ են ստորագրել, որում նշել են, որ կինոարդյունաբերության մեջ իսկական հրազենի այլընտրանքները շատ են։ Այս մասին հայտնում է ամերիկյան Variety հրատարակությունը։
Բաց նամակը ստորագրել է 214 մարդ, այդ թվում՝ օպերատոր Գրեգ Ֆրեյզերը (Dune), Ռեյչել Մորիսոնը (Black Panther) և Կինեմատոգրաֆիստների ամերիկյան ընկերության նախկին նախագահ Սթիվեն Լայթհիլը։
Բաց նամակում օպերատորները խոստացել են չաշխատել իրական զենքեր օգտագործող նախագծերի վրա: Նրանք նշել են, որ Գալինա Հաթչինսի մահը չպետք է իզուր լինի, ուստի նրանք ակնկալում են հրատապ գործողություններ և աջակցությունն ոչ միայն ամերիկյան իշխանությունների և օրենսդիրների, այլև հոլիվուդյան պրոդյուսերների կողմից:
Պատահական կրակոցը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Rust նկարահանման հրապարակում։ Ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Ալեք Բոլդուինը։ Փամփուշտը դիպել է օպերատոր 42-ամյա Գալինա Հաթչինսին և վիրավորել ֆիլմի ռեժիսոր 48-ամյա Ջոել Սոուզային։ Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում, սակայն օպերատորին փրկել չի հաջողվել: