Սյունիքում մեծ քանակով ժամկետային զինծառայողներ ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Սյունիքի տարածքում ծառայությունն իրականացնող ժամկետային զինծառայողներն անհրաժեշտ պայմաններ դեռ չունեն, ԱԺ պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։

 

«Իրավիճակից ելնելով հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում  և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում չենք ունեցել», - ասել է Հակոբյանը։

 

Թվաքանակի մասին նա չասաց, սակայն նշեց, որ բավական մեծ քանակով ժամկետային զինծառայողներ են, այդ իսկ պատճառով ԱԱԾ 2022 թվականի պլանավորած ծախսերում ավելացրել են դեղորայքի գնման գումարը։

 

«Եվ այս պահին, գիտեք, թե ինչ պայմաններում են ծառայությունն իրականացնում։ Պայմաններ դեռ չունենք, այնտեղ նոր ուղեկալներ ենք կառուցում, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ և դրա կարիքը կարող է էլ չլինել։ Բայց այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում», - ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալը։

Քաղաքականություն